Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/316

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է ս. Հակոբ հայրապետին, որ աստծուց շնորհված տապանի կտորով վերադառնում էր հայրենիք:

28. (Եր. 82). Այս կտորն էլ մինչև «երկրածին ազգերին», նույնպես Կորյունից է առնված, բայց մի քանի բառ չունենալով աղավաղված է։

29. (Եր. 83). Բնագրում գրված է. «ի դահճէ միոջէ», որ անշուշտ աղավաղություն է: Մենք ուղղեցինք՝ «ի գահէ միոշէ», և ըստ այսմ թարգմանեցինք։ «Գահ» բառը նույն նշանակությամբ (=լեռան կատար) գործ է ածել հեղինակը նաև Դ, ծթ գլխում— «ի վերայ բարձր գահուն քարին»։

30. (Եր. 83). Ակնարկություն Քրիստոսի պատվերի վրա, որ տվեց առաքյալներին, երբ նրանց ուղարկում էր քարոզելու. «...և ով որ ձեզ չընդունի կամ ձեր խոսքերին չլսի։ Երբ այն քաղաքից դուրս գալու լինեք, ձեր ոտքերից փոշին թափ տվեք։ Ուղիղ եմ ասում ձեզ, սողոմացոց և գոմորացոց երկրին ավելի հեշտ կլինի դատաստանի օրը, քան այն քաղաքին» (Մատթ., Ժ., 14, 15)։

31. (Եր. 85). Փավստոսը միևնույն անձը երբեմն կոչում է զորավար, երբեմն սպարապետ և երբեմն այս երկու բառով միասին։ «Սպարապետ» պարսկերեն բառ է (հին պարսկերեն՝ Spadpati, պահլավերեն՝ Spahpat, նոր պարսկերեն՝ Spahbat), որ նշանակությամբ համապատասխանում է կես-հայերեն և կես-պարսկերեն զորավարին։ Բայց հայերենում այս երկու բառը թվում է, թե մի նուրբ տարբերություն ունեն։ Սպարապետ կոչվում էր այն անձը, որ սպարապետության ժառանգական իշխանության կրողն էր տվյալ ժամանակ իսկ զորավար կոչվում էր այն անձը, որ իրապես զորքի ընդհանուր հրամանատարն էր տվյալ ժամանակ։ Այսպես տեսնում ենք, որ երբ Վաչեն սպանվում է պատերազմում, նրա փոքր երեխային՝ Արտավազդին, սպարապետության իշխանությունն են տալիս՝ իբրև Մամիկոնյան տոհմի ժառանգական իշխանություն, իսկ քանի որ նա, փոքրահասակ լինելով, դեռ չէր կարող զորքին առաջնորդել, զորավարության գործը հանձնում են Արշավիր Կամսարականին և Անդովկ Սյունիին, որոնք Մամիկոնյան տան փեսաներն էին, ուրեմն՝ իբրև մի տեսակ խնամակալներ փոքրահասակ սպարապետի վրա։

32. (Եր. 86). Բնագրում գրված է. «Ի վերայ բանակի տեառն աշխարհիս»։ Մենք ուղղեցինք՝ «ի վերայ բնակի տեառն աշխարհիս» և ըստ այսմ թարգմանեցինք:

33. (Եր. 86). Բնագրում գրված է. «Յանուն հօր իւրոյ», որ սխալ է։ Հոր անունն էր Վաչե, բացի սրանից՝ երեխաներին դնում էին պապերի անունը և ոչ թե հայրերի։ (Սկզբնապես եղել է «հաւուն», որ աղավաղվելով դարձել է «հաւրն»։ Նույն աղավաղությունը կատարվել է և ուրիշ տեղ։ Տե՛ս ծանոթ. 9)։ Ուստի մենք ուղղեցինք «Հաւուն իւրոյ» և թարգմանեցինք «Պապի անունով»։ [Այստեղ աղավաղում չկա։ «Իւրոյ» պետք է հասկանալ «նորա», այսինքն՝ Վաչեի, ուստի «յանուն հօր իւրոյ» նշանակում է «նրա հոր անունով», որը և կլինի Արտավազդի պապի անունով։—Խմբ.]։

34. (Եր. 87). «Հազարապետը» թեպետ զինվորական պաշտոնյայի նշանակություն ունի ըստ կազմության, բայց հազարապետը բոլորովին տար-