Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/320

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

55. (Եր. 114)։ Բնագրում անթարգմանելի կուտակություն բառերի՝ «Չորրորդ խոստովանութիւն զոր ասեյոց եմ կարգել զդպրութիւն, կանոնք դարք և դարք պատմութեանց զրուցաց»։ Մենք թարգմանեցինք մոտավորապես։ Այստեղ էլ «դարք և դարք» Հ. Վարդանյանն ուղղել է՝ «դարկք և դարկք»:

56. (Եր. 114). Բնագրում գրված է. «Հանդերձ այլովքն պատարագովք»: Վերջին բառը թե՛ նշանակությամբ և թե՛ հոլովման ձևով անտեղի է։ Ուղղեցինք՝ «պատանդովք» և ըստ այնմ թարգմանեցինք։ Այստեղի և բնագրում եղած վերնագրի համեմատությունից կարելի է վերականգնել նախնական ընթերցվածքը՝ «զիա՛րդ զայլ նախարարսն հանդերձ այլովքն պատանդովք արձակէր յերկիրն Հայոց հանդերձ պատարագօք»։ [Ավելի հավանական է «հանդերձ պատարագօք»՝ առանց «այլովքն»-ի։— Խմբ.]։

57. (Եր. 116). Բնագրում գրված է. «Զիա՞րդ յուղարկեաց զհալածեալսն Շապուհ», իսկ գլխի վերնագրում գրված է, «Զիա՞րդ յուղեաց Շապուհ...»։ Երկու աղավաղված ընթերցվածքներից վերականգնվում է ուղիղ ընթերցվածքը՝ «Զի ա՛րդ յուզեաց հալածանս Շապուհ...», որ և համապատասխանում է գլխի բովանդակությանը։

58. (Եր. 121). «Դայակ»— պահլավերեն, նշանակում է ծծմայր, ստնտու (ներկայումս նշանակում է միայն մանկաբարձ կին)։ Բայց հին գրականության մեջ գործ էր ածվում նաև տղամարդկանց մասին՝ դաստիարակ, խնամակալ նշանակությամբ։ Հին ժամանակ սովորություն կար, որ թագավորը իր որդիները հանձնում էր որևէ իշխանի դաստիարակության. իշխանը թագավորազն սանին սնուցում էր իր տանը իր զավակների հետ, և եթե ինքը ունենում էր ծծկեր երեխա, թագավորազն և իշխանազն երեխաները միևնույն կնոջ կաթով էին մեծանում և այս կերպով նրանք դառնում էին կաթնեղբայրներ։ Մեծանալիս, թագավորազնը, եթե թագավոր էր դառնում, իր մոտ էր բերում կաթնեղբորը՝ իբրև մտերիմ ընկերոջ։ Եղիշեն (Բ. Եղ.) դառնապես գանգատվում է՝ ասելով. «Հայոց նախարարներից ոմանք նրա (Հազկերտ Բ-ի) եղբայրներին սնուցել էին իրենց մայրենի կաթով — նա ամենից խիստ նրանց հետ էր վարվում». նշանակում է՝ Պարսից թագավորները նույնիսկ Հայոց նախարարներին էին հանձնում իրենց որդիների դաստիարակությունն ու խնամակալությունը։

Թագավորների օրինակով՝ ավագ իշխաններն էլ իրենց որդիները հանձնում էին կրտսեր իշխանների կամ սեպուհների դաստիարակության։

59. (Եր. 121). Բնագրում գրված է. «Ի ժամանակս խուլութեան Տիրանայ»։ «Խուլութեան» աղավաղված բառն ուղղեցինք՝ «խաւլութեան = խօլութեան», այսինքն՝ խելագարության։ [Տե՛ս Նորայր, «Բառաքնն.», էջ 511— Խմբ.]։

60. (Եր. 121). Բնագրում գրված է. «Որպէս առաջին թագաւորին»։ Այս աղավաղությունն ըստ Նորայրի ուղղեցինք՝ «Որպէս առ առաջին թագաւորաւքն»։

61. (Եր. 121). Բնագիրն այստեղ ունի «նոյնպէս ստրատելատութեան