Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/337

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

178. (Եր, 268). «Վին» և «փանդիռ» երկուսն էլ օտարազգի բառեր են. վինը արևելյան ծագում ունի (սանսկրիտերեն՝ VINA), իսկ փանդիռը՝ փոքր- ասիական, որտեղից անցեք (Հունաստան և ուրիշ շատ տեղեր՝ pandura հիմնական ձևից։ Երկուսն էլ լարավոր նվագարաններ էին, բայց ինչո՛վ էին իրարից զանազանվում՝ հայտնի չէ։ Փանդիռն սկզբնապես երեք լար ունեցել, որ հետո զանազան կերպարանափոխություններ է ստացել։

179. (Եր, 270). Ագաթանգեղոսի երկում (գլ. ՃԺԹ) ասված է, թե Տրդատը քահանաների սպասավորության համար նշանակեց ագարակներում ամեն մի ընտանիքին չորս հող, իսկ ավաններում՝ յոթ հող, բայց չի հասկացվում, թե ի՛նչ հաշվով նշանակվեցին այս հողերը, և որքա՛ն էր ամեն հողի տարածությունը։ Փավստոսի Պատմությունը փոքր-ինչ լույս է սփռում այս հարցերի վրա. Պապը, նրա ասելով, յոթ հողից հինգը կտրում գրավում է արքունիք, թողնում է միայն երկու հող՝ մի քահանայի և մի սարկավագի համար, իսկ սրանց եղբայրները և որդիները պետք է ընդհանուր կարգով հարկատու դառնային։ Քահանաներին հատկացված այս հողերն ազատ էին հարկեր վճարելուց, ինչպես երևում է այս տեղից և Եղիշեի վկայությունից («նաև ի սուրբ եկեղեցւոյն, որ էր ազատ ի Քրիստոս ըստ կարգի նախնեացն մերոց ի սկզբանէ, և դու ընդ հարկալ եղեր», Բ. Եզ)։ Այս արտոնությունը, ուրեմն, սահմանափակվեց միայն քահանաների ու սարկավագների համար։ Այս երկու հողի տարածությունը այնքան պետք է լիներ, որ բավականություն տար քահանաների և սարկավագների ու նրանց կանանց կարիքին, հաշվելով մարդ ու կնոջ մի հող։

180. (Եր. 271). Բնագրում գրված է. «Կարգեալք, պսակեալք կային քուրջ զնովաւ յամենայն կուսէ»։ «Պսակեալք» բառը անտեղի է այստեղ։ Համարեցինք աղավաղություն՝ փոխանակ «պատեալք կային» և ըստ այսմ թարգմանեցինք։

[Պսակել գրաբարում նշանակում է «շրջապատել», ուստի հոմանիշ է պատել բառին։ Փոխելու կարիք չկար։ Հմմտ. նաև բնագրի նույն էջի պատեալ պսակէին արտահայտությունը։—Խմբ.]:

181. (Եր. 273), «Քաղաք» բառը չպետք է հասկանալ նրա այժմյան, այլ սկզբնական նշանակությամբ՝ ինչպես պարսպապատ, ամրացրած տեղ, որ սահմանված էր զորքի տևական կայան լինելու (տե՛ս ծանոթ. 47)։

182. (Եր. 276). «Առլեզ», գրված կա նաև «արալէզ», «յարալէզ» և բացի այստեղից հիշվում է նաև Եզնիկի ու Սեբեոսի կողմից և ուրիշ տեղեր։ Առլեզները երևակայական երկնաբնակ կենդանիներ են եղել՝ շան կերպարանքով, որոնք պատերազմի դաշտում ընկած քաջ մարդկանց վերքերը լիզելով կենդանացնելիս են եղել։ Այս հավատալիքը թվում է Ասորեստանից է փոխանցվել հայերին։ Բառը ստուգաբանելու շատ փորձեր են եղել, որոնց մասին տե՛ս Արմ. բառար., «առլեզ» բառի տակ։

183. (Եր. 277), Այս պատերազմը քուշանների հետ, թվում է, տարբեր է այն պատերազմից, որ հիշում է Փավստոսը Ե դպրության յոթերորդ գլխում, որովհետև այն պատերազմին մասնակից է եղել ինքը՝ Շապուհ թագավորը, և մահից ազատվել է Դրաստամատի անձնվեր քաջությամբ, իսկ