Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սէր և միաբան միամիտ զօրացն» (Ե, ե): Ահա այս տիրասեր ու միաբան զորքն է, որ Փավստոսի Պատմության մեջ հարյուրավոր անգամներ պատերազմներ է մղում թշնամիների դեմ և ոչ մի անգամ պարտություն չի կրում, միշտ հաղթում է թշնամիներին և հաճախ մինչև վերջին մարդը կոտորում է նրանց: Տասնյակ միլիոններով թշնամիներ են կոտորում Հայոց զորքերը, և իրենցից ոչ մի կորուստ, բացի չորս զորագլուխներից, որոնցից երեքը պատահականության զոհ են դառնում:

Ճիշտ է, Փավստոսը նկարագրում է մի քանի խոշոր արշավանքներ Հայաստանի վրա: Պարսիկներն ավերում, քանդում են երկիրը, անթիվ մարդիկ կոտորում, բայց դրանք բնավ հետևանք չեն հայերի տկարության, դրանք տեղի են ունենում այն Ժամանակ, երբ երկիրն անտեր է, թագավոր չունի, կամ երբ թագավորը սահմանն է պաշտպանում, իսկ թշնամին ուրիշ ճանապարհով գաղտագողի ներս է խուժում երկիրը, կամ մի այլ այսպիսի անզգուշություն հայերի կողմից, բայց ոչ մի անգամ իբրև հետևանք հայերի պարտության կամ տկարության:

Հայ Արշակունի թագավորները Փավստոսի աչքում Հայաստանի բնիկ տերերն են. հեղինակը շարունակ բնակ է կոչում նրանց: Նրանց համար ապրել ու մեռնելը հայ զորքի և զորավարների սուրբ պարտականությունն է: Հնազանդ և հավատարիմ մնալ Արշակունի թագավորներին՝ այս պատվերն էր, որ տալիս էին Մամիկոնյան զորավարներն իրենց հաջորդներին: Հեղինակը բառեր չի գտնում պարսավելու համար այն մարդկանց, որոնք դավաճանել են Արշակունի թագավորին, թեկուզև անպիտան ու անմիտ լինի նա: Մեհրուժան Արծրունուն, որ ապստամբվել էր Հայոց թագավորների դեմ և Պարսից զորքին առաջնորդ էր հանդիսանում հաճախ Հայաստան արշավելիս՝ հեղինակը անվանում է «վատանշան», «չարագործ», «պիղծ», «անօրեն», «մեղավոր», «կախարդ»: Մի ուրիշ իշխան Սյունյաց տոհմից՝ Փիսակ անունով, Տիրան թագավորի սենեկապետը, մատնություն է անում իր թագավորի վրա Պարսից Վարազ-Շապուճ զորավարի մոտ... Նրան Փավստոսը նկարագրում է այսպես. «Այր մի անարգ, որ ոչ ինչ պակաս քան զդև էր մոլորութեամբ... զայս ամենայն լուաւ Վարազ Շապուհ... ի կատաղախօս ի շնաբերանն Փիսակայ... Եւ այն բանքն, որ վասն որսոյն ի թագաւորէն ասացաւ, վաղվաղակի յունկն զօրավարին Պարսից հասանէին ի բերանոյ շորիկն, շոգմոգն, տիրանենկն և տիրադրուժն, տիրասպանուն և տիրամատնիչն Փիսակայ, յայն աշխարհակորույս յառնէ անտի» (Գ, ի):

Փավստոսի Պատմությունից երևում է, որ նրա նկարագրած Պատմության շրջանում Արշակունի թագավորները թույլ և անզոր են եղել, խաղալիք երկու հզոր հարևանների՝ պարսիկների և հույների քաղաքականության կամ ուղղակի նրանց վասալ: Բայց սա չի խանգարում հայրենասեր հեղինակին՝ փքուն մակդիրներ տալ նրանց—«քաջարանց», «մեծ թագաւորն Հայոց» (շատ անգամ): Նրանց աղետալի վախճանը հետևանք է ոչ թե նրանց տկա-