Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

րության, այլ պատահականության, դավաճանության, ներքին անմիաբանության: Վարազ-Շապուհը 3000 զորքով գալիս է Տիրանին հյուր, որ նրան միամտաբար ընդունում է իբրև բարեկամի. Վարազ-Շապուհը նրան բռնում է, հենց հայաստանի սահմաններում էլ կուրացնում, որովհետև այդ ժամանակ Տիրանի մոտ չէին եղել զորքերը: Պապին Հունաց զորավարները ճաշի են հրավիրում և դավաճանորեն սպանում, բայց այսպիսի ստոր ճանապարհով կարելի է սպանել աշխարհի ամենահզոր մարդուն անգամ: Արշակին Շապուհը հրավիրում է Պարսկաստան, և նա կամա թե ակամա գնում է ու այնտեղ կորչում, որովհետև հայոց նախարարները միլիոնավոր պարսիկներ կոտորելով՝ հոգնում են կոտորելուց և վճռում են այլևս չպատերազմել Արշավի համար:

Այսպիսի պատճառաբանություններով է վարագուրում հայրենասեր հեղինակը իր ազգի ու Արշակունի թագավորների աղետները: Ազգի պատվի նախանձախնդրությունը նրան թույլ չի տալիս դառն իրականությունը պարզ խոստովանել:

Կարո՞ղ էր մի օտարազգի պատմագիր այսքան պանծացնել հայոց անպարտելի քաջությունները, նրանց տարած առասպելական հաղթությունները և այսքան սքողել հայերի կրած աղետները: Այսպես կարող էր վարվել միայն ծայրահեղորեն իր ազգը սիրող, նրա պատվին նախանձախնդիր հեղինակը:


ԼԵԶՈԻՆ ԵՎ ՈՃԸ

Բայց գերազանց վկայությունը հեղինակի հայ լինելուն և հայերեն գրելուն նրա լեզան է:

Այս լեզուն ամենից առաջ բնական է, ազատ որևէ արվեստականությունից, գեղեցկացնելու կամ զարդարելու ջանքից: Նա հեղինակի մտածողության անմիջական արտահայտությունն է, որ հորդաբուխ դուրս է հոսում: Այս պատճառով նա պարզ է ու ընտանի և կրում է մայրենի լեզվի ամբողջ քաղցրությունն ու հմայքը: Նա կանոնավոր է, ունի դասական կամ, ինչպես ասում են, ոսկեղենիկ հայերենի ընտիր հատկությունները, մանավանդ բառերի գործածության կողմից նրանց վաղեմի նշանակությամբ: Նա ճկուն է և հյութեղ, կրում է լեզվի երիտասարդական հասակի կորովը, ունակ ամեն կերպ թեքվելու և ստեղծագործելու: Ամենահմուտ հայագետն անգամ շատ բան ունի սովորելու այս լեզվի մեջ, որ արտացոլում է հայերենի բուն ոգին: Այս հատկությունները կազմում են Փավստոսի լեզվի ընդհանուր գիծը: Բայց սրանց հետ միասին այս լեզվի մեջ նկատվում են տեսակ-տեսակ անհարթություններ ու անկանոնություններ, ինչպես մի ծաղկավետ դաշտում տեղ-տեղ մարդ պատահում է խռիվների, ցախերի կամ փորփրված հողակոշտերի:

Փավստոսի լեզուն և նրա այս հակառակ հատկությունները գեղեցիկ կերպով բնորոշել է Ա. Այտընյանը իր «Քննական քերականության» «Նախա-