Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալուտ կեցությունը նրան այլևս անհանդուրժելի է թվում, նա բացականչում է. «Օ՜, Արշակ, ի՛նչ էիր և ի՛նչ օրի հասար», և դանակը, որով միրգ էր ուտում, խրում է իր սիրտը ու շունչը փչում: Դրաստամատը, որ եկել էր նրան մխիթարելու բարի նպատակով, բայց պատճառ դարձավ նրա անձնասպանության, չի կամենում իր սիրած թագավորից հետո ապրել, դուրս է քաշում դանակը նրա կրծքից և խրում իր կուրծքը: Ինքն էլ անշնչացած ընկնում է նրա կողքին:

Փավստոսի գրքում Արշակ Բ-ի կյանքը լի է դրամատիզմով, նույնիսկ օպերա գրելու արժանի, և կարծում եմ, ապագա սերունդները կտեսնեն լավագույն դրամաներ, օպերաներ ու սիմֆոնիաներ նրա արկածալից կյանքից:

Վիպական գծեր է պարունակում նաև Պապ և Վարազդատ թագավորների կյանքը: Պապին ատում էր հոգևորականությունը, որովհետև նա սահմանափակել էր հոգևորականների մեծ արտոնությունները՝ նրանց հողերի մեծ մասը խլելով, նրանց ընտանիքի անդամների մեծ մասին ազատությունից (հարկից ազատ լինելուց) գրկելով ու շինական դարձնելով և Ներսես Մեծի հիմնարկությունների մեծ մասը փակելով: Այս պատճառով նրան ժոդովրդական հիշողությունները ներկայացնում են իբրև դևերի նվիրված, մեղքերի ու տեսակ-տեսակ պղծությունների մեջ թավալված և իբրև Ներսես Մեծին թունավորող: Վարազդատի կյանքում վիպական բնույթ ունեն նրա բանակցությունները Մանուելի հետ, մենամարտությունը նրա ու Մանուելի միջև և վերջինիս փախուստը:


ՄԱՄԻԿՈՆՅԱՆ ՏԱՆ ՎԵՊ

Մամիկոնյան տան ճյուղի վեպերում ամեն մի զորավար մի դյուցազն է, օժտված բոլոր ֆիզիկական և բարոյական հատկություններով, որոնք հատուկ են դյուցազնին: Նրանք Հայ ժողովրդի ստեղծած տիպարներն են արիության, քաջության, անվեհերության, վեհանձնության, հայրենասիրության. պաշտպանել հայրենի երկիրը, մի կորիի չափ հող անգամ չզիջել թշնամուն, պաշտպանել եկեղեցիները և եկեղեցական ուխտը, հավատարմությամբ ծառայել բնիկ տերերին՝ Արշակունի թագավորներին, ապրել ու մեռնել նրանց համար՝ սրանք են ամեն մի Մամիկոնյան զորավարի բարձր նպատակները:

Նրանց համար ցանկալի և պանծալի է մահը պատերազմի դաշտում և ոչ թե տանը՝ անկողնում: Ինչպիսի դառնությամբ է գանգատվում հիվանդացած Մանուելը՝ իրեն շրջապատող ազգականներին դիմելով: Բաց է անում մարմինը, ցույց է տալիս անհամար սպիներ խոցվածքներից և ասում. «Մանկությունից ի վեր ես պատերազմների մեջ եմ մեծացել, ամեն վերք հանձն եմ առել քաջությամբ, և ինչո՞ւ ես բախտ չունեցա պատերազմի մեջ մեռնելու. քան թե այսպես անասունի նման մեռնեի» (Ե, խդ):

Նրանց համար նվիրական էր թագավորի անձը, ոչ միայն իրենց՝ Արշակունի թագավորների, այլև օտարների: Մի պատերազմի ժամանակ Աղ-