Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

արիներին, հիմա ինչպե՞ս ես, որ քեզ աղվեսի մահով սպանեմ»: Վասակը թեպետ պարսկական հողի վրա էր կանգնած, չի ստորանում, աղաչանքի, ներման չի դիմում, այլ արժանապատվությամբ պատասխանում է. «Այժմ դու ինձ տեսնելով մարմնով Փոքր, իմ մեծության չափը չզգացիր, որովհետև մինչև այժմ ես քեզ համար առյուծ էի, իսկ այժմ՝ աղվես: Բայց մինչ ես Վասակն էի, ես հսկա էի, մի ոտքս մի լեռան վրա էր, մյուս ոտքս՝ մի այլ լեռան վրա. երբ աջ ոտքիս վրա էի հենվում, աջ լեռն էի գետին տանում, երբ ձախ ոտքիս վրա էի հենվում, ձախ լեռն էի գետին տանում»: «Դե ասա, իմանանք, այդ ի՜նչ լեռներ են, որ դու գետին էիր տանում»,— հարցնում է Շապուհը:— «Երկու լեռներից մեկը դու էիր, մյուսը՝ հունաց թագավորը» (Դ, ծդ): Այս նույն Վասակն էր, որ դրանից առաջ Պարսկաստան եղած ժամանակ Շապուհի ախոռատանը սրով սպանեց ախոռապետին, որովհետև նա անպատկառ կատակով Արշակ թագավորին կոչեց, «Հայոց այծերի թագավոր» (տե՛ս Դ, ժզ): Իր թագավորի պատվին նախանձախնդիր լինելով՝ նա վտանգի ենթարկեց իրեն և ախոռապետին, որ բարձր պաշտոնյա էր, սպանեց: Բայց Շապուհը հավանեց նրա աներկյուղությունն ու տիրասիրությունը և պարգևների արժանացրեց: Այս առյուծ զորավարներն ունեին իրենց արժանավոր կորյունները: Մանուել սպարապետը պատրաստվում է պատերազմի՝ Մերուժան Արծրունու դեմ: Մանուկ Արտավազդը՝ Վաչեի որդին, նույնպես ուզում է պատերազմին մասնակցել, սպարապետը թույլ չի տալիս, նկատի ունենալով նրա փոքր հասակը. մտրակով թակում է նրա ածիլած գլուխը և պատվիրում կանանց հետ գնալ նշանակված ապահով տեղը: Ճանապարհին Արտավազդը գաղտնի փախչում է և խառնվում պատերազմին: Երբ Մերուժանն սպանվում է, և պատերազմը վերջանում, կռվողները ետ են գալիս իրենց սպանած թշնամիների գլուխներով: Գալիս է մանուկ Արտավազդը. նա բոլորից շատ գլուխ է բերել և միայն սրանով է ազատվում մահից՝ իբրև սպարապետի հրամանին անձնազանդ: Նա գործով ցույց է տալիս, որ ընդունակ է կռվելու, ուրեմն սխալ է եղել սպարապետի դրած արգելքը:

Այս օրինակները բավականաչափ ցույց են տալիս Փավստոսի գրվածքի ոգին ու էությունը: Այն ոչ թե պատմություն է այս բառի սովորական նշանակությամբ, այլ ժողովածու է ժողովրդական ավանդությունների, հավաքված տարբեր աղբյուրներից, երբեմն իրական ու ճիշտ պատմական և երբեմն առասպելական, և այս տարբեր տարրերն այնպես հյուսված են իրար հետ, որ դժվար է լինում որոշել՝ որտե՞ղ է վերջանում պատմականը, և սկսվում առասպելականը: Բայց այս առասպելական տարրերը թեպետ անվավերական են իբրև պատմական նյութ, սակայն դրա փոխարեն մեծ արժեք են ներկայացնում իբրև ժողովրդական բանահյուսություն և իբրև այսպիսին հարազատ արտահայտություններ են հայ ժողովրդի իղձերի, ձգտումների, հավատալիքների, սովորությունների: Իրավունք ունեն ներկայիս բանասերները, որոնք Փավստոսի Մամիկոնյան հերոսների մեջ նկատում են Սասունցի Դավթին և Սասնա մյուս Ծռերին: Ճիշտ է, Փավստոսի Մուշեղի