Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/54

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ինքն իրեն՝ պարծենալով, երբ մի հաջող գյուտ է անում, կամ կասկած հայտնելով իր հաղորդած այս կամ այն տեղեկության ստուգության մասին: Փավստոսը միանգամայն զուրկ է քննադատական ոգուց, ոչ մի տեղ չի նկատվում հեղինակի ( = հավաքողի) վերաբերմունքը դեպի իր հաղորդած տեղեկությունը, նա հավասար լրջությամբ ու մանրամասնությամբ զետեղում է իրար կողքի ճշմարիտ պատմականը և անհավատալի սուտը, բարեպաշտական աղոթքներն ու խրատները և ցոփ ու բամբառակ նկարագրությունները, հրաշքներն ա իրական դեպքերը, ոչ մի տարբերություն չդնելով նրանց միջև: Նա ընթերցողի զարմանքն է շարժում ոչ այնքան իր պատմածի անհեթեթություններով, որքան պատմողի դյուրահավատությամբ ու միամտությամբ:

Խորենացին ռացիոնալիստ է, գերբնական տարրին տեղ չի տալիս իր Պատմության մեջ, նա եթե իր աղբյուրների մեջ գտնում է որևէ հրաշք կամ գերբնական երևույթ, աշխատում է նրանցից դուրս բերել բնական իրողությունը. նա նույնիսկ հեթանոսական աստվածներին էլ մարդկայնացնում է, ըստ եվհեմերյան փիլիսոփայության: Իսկ Փավստոսի մոտ հրաշքներն առատ են՝ ինչպես սովորական երևույթներ: Հեղինակը այնպիսի հավատով և լրջությամբ է պատմում հրաշքները, ինչպես պառավ տատիկը պատմում է թոռնիկներին հեքիաթների հրաշալի դիպվածները:

Խորենացին իսկական մտածող հեղինակ է. նրա ամեն մի խոսքը չափված է, կշռված է, ո՛չ ավելորդ խոսք, ո՛չ չափազանցություն: Նա հիշում է, ինչ որ ասել է մի անձի կամ դիպվածի մասին և ոչ մի անգամ չի ընկնում հակասության մեջ: Իսկ Փավստոսի մոտ բառերը հեղեղորեն Խոսում են, նա հաշիվ չի տալիս իրեն իր գործածած ամեն մի բառի մասին, կրկնություններն ու չափազանցությունները սովորական երևույթ են նրա մոտ: Եվ հաճախ նա ընկնում է հակասությունների մեջ: Օրինակ՝ Մամիկոնյան երկու հարազատ եղբայրներից՝ նավապետ Վարդանից և սպարապետ Վասակից, առաջինը պարսկասեր է, երկրորդը՝ հունասեր: Առաջինը հաջողեցնում է դաշն կապել Արշակի և Շապուհի միջև, երկրորդը կարողանում է Արշակին համոզել, որ այդ դաշինքը խզի և Պարսկաստանից փախչի: Հայաստանում էլ Վարդանը շարունակում է ջանք գործ դնել Արշակին Շապուհի հետ հաշտեցնելու և դաշինքը վերահաստատելու, այս պատճառով Վասակը գնում, նրան սպանում է: Բայց ահա այս նույն Վասակը ոչ միայն չի խանգարում Արշակին՝ օգնության գնալու Շապուհին նրա պատերազմի ժամանակ նույների հետ, այլ հենց ինքն էլ առաջնորդում է հայ զորքին և կոտորում հունաց ամբողջ բանակը, որոնց հետ հայերը այդ ժամանակ ոչ մի տարաձայնություն չունեին: Կամ նույն այս Վասակը, որ երկարամյա պատերազմների ժամանակ հարյուրապատիկ պակաս զորքերով կոտորում է Պարսից միլիոնավոր բանակները, ամբողջ հայկական բանակով գիշերը փախչում է Շապուհի մոտից՝ հույների բանակը բնաջինջ անելուց հետո, այնինչ հեշտությամբ կարող էր գիշերով Չարձակվել ոչ մի բանից չկասկածող Պարսից բանակի վրա և բնաջինջ անել Շապուհի հետ միասին: Հեղինակի