Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մտքովն էլ չի անցել Վասակի այս հակասական գործողությունները համեմատել իրար հետ և այս հակասությունները հարթել: Նա հավատարմությամբ գրի է առել ավանդությունը:

Խորենացին ձգտում է գրել հավաստի Պատմություն, որի մեջ դեպքերը հաջորդում են միմյանց ժամանակագրական կարգով և ներքին պատճառաբանական կապ ունեն իրար հետ: Նա դուրս է գցում անհավաստին, նա բաց է թողնում ավելի քան հարյուր տարվա ժամանակաշրջանի հայոց պատմությունը, հայտնելով, թե ոչինչ հավաստի բան չունի պատմելու այդ ժամանակաշրջանի մասին: Իսկ Փավստոսի երկում դեպքերը կուտակված են անխտիր և խառն, առանց պատճառաբանական կապի կամ ժամանակի հաջորդության. նրա մեջ կան շատ գլուխներ, որոնք ոչ մի կապ չունեն հայոց պատմության և ընդհանրապես պատմության հետ:

Խորենացին խիստ արհամարհում է պարսից առասպելները, կոչելով դրանք անպիտան, անճոռնի, անհարմար, անճաշակ անբանություն: Իսկ Փավստոսի Պատմությունը լիքն է պարսկական ճաշակի առասպելներով:

Այս ներքին բովանդակությանը վերաբերող տարբերությունների հետ նկատելի են և արտաքին՝ լեզվի ու ոճի տարբերությունները: Խորենացու լեզուն արվեստական է, բարձր, հաճախ գեղարվեստական, երբեմն պարզ ու հասարակ, բայց երբեք գռեհկական ու ժողովրդական: Փավստոսի լեզուն անկանոն է և անհավասար, պարզ, ընտանի լեզվի կողքին անչափ կուտակություններ, որ տարափի նման տեղում են և ընթերցողին շվարեցնում: Խորենացին շարունակ ընթերցողի աչքի առաջն է. զրուցում է նրա հետ, իր կարծիքները հայտնում, գնահատում, ուրախանում կամ տխրում: Փավստոսի գրվածքում հեղինակը բնավ չի նկատվում, նա միանգամայն անանուն է. բացի գրքի խոստաբանությունից և Գ դպրության Ա գլխից, որտեղ անծանոթ խմբագիրն ու հեղինակը խոսում են առաջին դեմքով (մի տեղ եզակի, մյուս տեղ հոգնակի), ամբողջ գրքում չի պատահում «ես» կամ «մեք» բառը:

Այս տարբերությունները կարելի էր դարձյալ շարունակել, բայց այսքանն էլ բավական է՝ ցույց տալու համար, թե որքա՜ն մեծ է զանազանությունը երկու հեղինակների հայացքների միջև պատմական գրվածքի էության և նպատակի մասին: Այս տեսակետից երկու գրվածքների մեջ սար ու ձորեր կան. մեկը իսկական պատմություն է, մյուսը պատմական զրույցների և վեպերի ժողովածու է, թեպետև այնտեղ պատահում են ստույգ պատմական իրողություններ: Եվ ինչպես մենք ենք նկատում այժմ այս անհաշտելի տարբերությունները երկու հեղինակների միջև, ավելի ևս նկատում էր Խորենացու խորաթափանց աչքը Փավստոսի գրվածքի և իսկական պատմության միջև:

Սրանից արդեն հեշտ է նախագուշակել, թե ինչպես պետք է վերաբերվեր խորենացին Փավստոսի գրվածքին՝ Բուզանդարան պատմություններին՝ իբրև պատմական աղբյուրի: Նա եթե չի հիշում Փավստոսի անունը, նրանից չէ, որ կամեցել է թաքցնել իր աղբյուրը, ինչպես ենթադրել են ոմանք: Նա