Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հիշում է Ագաթանգեղոսի անունը և նրանից պատմական նյութ է քաղում (թեպետ զգուշությամբ, բոլորովին բաց թողնելով ս. Գրիգորի չարչարանքները, խոր վիրապ գցվելը, Տրդատի խոզակերպ դառնալը և այլ այսպիսի առասպելական տարրեր). ապա ինչո՞ւ չպիտի հիշեր Ներսես Մեծի մերձավոր խորհրդական և ժամանակակից հեղինակին (ինչպես նա ներկայացված է գրքում), որ գրել է Ագաթանգեղոսի Պատմության շարունակությունը: Նա չի հիշել Փավստոսին բոլորովին այլ պատճառով՝ նրա գրվածքի ոգու և բովանդակության պատճառով, որ լուրը քննադատության չի դիմանում, ինչպես ասել է Ե. Մ.-ն: Վերը տեսանք ինչպիսի արհամարհանքով է նայում Ղ. Փարպեցին Փավստոսի առասպելախառն Պատմության վրա: Որքա՜ն ավելի խիստ պետք է վերաբերվեր այս Պատմությանը Մ. խորենացին իր հայտնի քննադատական ոգով: Բուզանդարանի նման ժողովածուն իբրև պատմական աղբյուր հիշելը, Խորենացու կարծիքով, ստվեր կգցեր իր Պատմության վրա: Բայց նա նկատել է Բուզանդարանի խառն առասպելների մեջ նաև պատմական ստույգ տեղեկություններ, որոնցից ազատորեն օգտվել է՝ զգուշանալով աղբյուրը նշանակելուց վերոհիշյալ պատճառով: Նա ամեն բանում չի հետևում Փավստոսին, այլ այնքան միայն, որքան նա ճշմարիտ կամ հավանական է համարում նրա հաղորդած տեղեկությունները: Իսկ ինչ որ նա համարում է անհավանական առասպել, նա հարկավ դեն է գցում և այս դուրս գցած մասերը փոխարինում է ուրիշ տեղեկություններով, որքան ինքը հավանական է համարում կամ գիտե ուրիշ աղբյուրներից: Այնպես որ նա թեպետ Փավստոսից օգտվել է, բայց իր Պատմության մեջ նրանից անկախ է, ինչպես եթե մեկը մի անցքի պատմությունը կարդացել է մի գրքում, բայց այդ անցքը ինքը պատմում է՝ ուղղելով և փոփոխելով կարդացածը ըստ իր հայացքի կամ տեղեկությունների: Այսպես, խորենացին Գնելի սպանության պատմության մեջ բոլորովին դեն է գցում սիրահարության հանգամանքը և ուրիշ պատճառ է բերում նրա սպանության: Նույնպես նա բոլորովին բաց է թողնում Շապուհի երեսնամյա պատերազմները Արշակի դեմ (Անդովկ նահապետի մեքենայության շնորհիվ), Հայաստանի հողով ու ջրով հմայությունը և ուրիշ պատճառ է բերում Արշակի կորստյան, և այսպես շատ օրինակներ: Պատմական քննադատը չի կարող իրավունք չտալ Խորենացուն, որ նա այս վեպերը իբրև պատմական անցքեր չի ընդունել և նրանց տեղ չի տվել իր Պատմության մեջ: Այլ հարց է, թե որքան ճիշտ են այն պատճառները, որոնցով խորենացին փոխարինել է Փավստոսի հաղորդած տվյալները: Կան դեպքեր, երբ Փավստոսի պատմածը ճշմարիտ է, բայց Խորենացին փոխարինել է սխալ պատմությամբ, ինչպես, օրինակ, Պապ թագավորի սպանությունը ճաշի ժամանակ Հունաց զորավարների թելադրությամբ: Սրա պատճառն այն է, որ Խորենացին չի կարողացել հավատալ, թե հունաց զորավարները կհամարձակվեին Հայաստանում հայոց թագավորին ճաշի հրավիրել ու ճաշի ժամանակ դավաճանորեն սպանել, և որովհետև ուրիշ աղբյուր չի ունեցել Փավստոսի հաղորդածը ստուգելու, դուրս է գցել այն՝ իբրև դարձյալ մի ժողովրդական առասպել, և Պապին սպանեյ