Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/60

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բավական կուղղեմ իմ ձեռքի տակ եղած ուղղումներով, որոնք քիչ վերը հիշեցի: Միայն այս տարվա ապրիլին, երբ Երևան էի գնացել, Հր. Աճառյանից լսեցի, որ նա պատրաստում է Փավստոսի նոր քննական հրատարակությունը, ձեռագրատան Փավստոսի բոլոր ձեռագրերի մանրամասն բաղդատությամբ, բայց այդ ժամանակ ես արդեն թարգմանել էի գիրքը և գրել ծանոթությունները: Մնում էր առաջաբանը: Թարգմանության ընթացքում ես բազմաթիվ աղճատումներ վերականգնեցի, ինչպես ինձ հավանական թվացին, սրանք բոլորը նշանակված են ծանոթությունների մեջ: Այս ուղղումներից 19-ը վերցրել եմ վերը հիշված աշխատանքներից (Ե. Մ., Գ. Մ., մանավանդ Նորայր Բյուզանդացի): Մնացած 39-ը պատկանում են ինձ (գոնե ես ուրիշ տեղ չեմ պատահել նրանց): Առանց հիշատակության եմ թողել թե՛ իմ և թե՛ այլ բանասերների այն ուղղումները, որոնք լեզվի քերականական ձևերին էին վերաբերում և իմաստի փոփոխություն չէին մտցնում: Այսպիսի ուղղումների հիշատակությունը միտք ունի բնագրի հրատարակության մեջ և ոչ նրա թարգմանության:

Բնագրի վերաբերմամբ էլ ես աննպաստ պայմանի մեջ էի. ձեռքիս ունեի Պատկանյանի հրատարակությունը, բայց չկարողացա ձեռք բերել Վենետիկի 1889 թվականի հրատարակությունը, որ գուցե մի քանի տեղ լավագույն ընթերցվածքներ պարունակեր: Ես ժամանակին խնդրել էի Պետհրատից՝ այս հրատարակությունը մի քանի ամսով ինձ տրամադրել, բայց բավարարություն չգտա[1]:

Նույնպես ինձ չհաջողվեց ձեռք բերել ո՛չ էմինի և ոչ Լաուերի թարգմանությունները, որոնք կարող էին ինձ օգտակար լինել՝ աղճատված կամ մութ հատվածները թարգմանելու ժամանակ, կամ գուցե պարունակում էին բնագրի որոշ ուղղումներ, որոնք իմ աչքից խուսափել են:

Փավստոսի լեզուն ընդհանրապես բնական է ու պարզ, նախադասությունները կանոնավոր են կազմված և ոչ ընդարձակ, այնպես որ թարգմանությունը առանձին դժվարություն չի հարուցում: Բայց, ինչպես վերը հիշեցի, այս լեզուն պարունակում է նաև բազմաթիվ անհարթություններ և բառերի կուտակումներ: Երբեմն մի շարք գոյական անուններ հաջորդում են միմյանց միևնույն հոլովով և առանց բայի: Հարկ է լինում այդ գոյականներից մեկը վերածել բայի, մյուս գոյականները այդ նորակերտ բայի հետ կապել իբրև լրացուցիչներ, նախադասություն ստեղծել: Սրանով բնականաբար հեռանում ենք սկզբնագրի ոճից և ստեղծում ենք մեզանից նախադասություն, որ կարող է և ճիշտ չլինել, բայց ուրիշ կերպ վարվել չէր լինի, այլապես կստացվեր նույնահոլով բառերի մի խումբ՝ առանց իմաստի, էլ չեմ ասում, որ բնագրին համապատասխան այդքան բառ մեր աշխարհա-

  1. Բայց 1945 հոկտեմբերին կարողացա ձեռք բերել վենետիկյան 1189-ի տպագրությունը և մանրամասն բաղդատելով Պատկանյանի հրատարակության հետ՝ մի քանի տասնյակ աննշան փոփոխություններ կամ լրացումներ մտցրի իմ թարգմանության մեջ: