Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տրդատ թագավորի... վախճանը... ուրիշների կողմից արդեն գրված են: Բայց մենք էլ մեր պատմության ընթացքում փոքրիշատե նշանակեցինք... պատշաճ կարգը պահպանելու ճամար, որովհետև տեղ կա, որ մեր պատմությունը առաջինն է, տեղ կա, որ վերջինը, իսկ ինչ որ միջին է, այն ուրիշների ձեռքով արդեն գրվեց»: Այս խոսքերից երևում է, թե հեղինակը միջին է կոչում պատմական անցքերը Սանատրուկից մինչև Տրդատի մահը: Վերջին է կոչում պատմական անցքերը Տրդատի որդու՝ Խոսրովի ժամանակից այս կողմ, այսինքն՝ այն, ինչ ներկայումս գտնում ենք Փավստոսի Պատմության մեջ: Ըստ այսմ՝ հեղինակի կոչած «մեր պատմության» առաջին մասը կազմելիս են եղել պատմական անցքերը Սանատրուկից առաջ, և հեղինակը այս առաջին մասը վերջին մասի, այսինքն՝ խոսրովի և հաջորդների պատմության հետ կապելու համար հիշատակում է ուրիշներից գրված միջին մասը Սանատրուկից մինչև Տրդատ, որպեսզի պատմության ընթացքը չընդհատվի, կամ ինչպես ինքն է ասում՝ որպես մի աղյուս դրված շենքի պատի մեջ: Այս խոսքերից հետևում է, թե «մեր պատմության» հեղինակը գրած է եղել նաև «Հայաստանի պատմությունը», նախքան Սանատրուկի թագավորելը, որ ոչ միայն մեր այժմյան բնագրերում չկա, այլև հակասում է առաջաբանին, ըստ որի՝ Փավստոսի Պատմությունը բաղկացած է ընդամենը չորս դպրությունից (Դ—Ջ), որոնք անմիջապես հասել են մեր ձեռքը:

Բացի վերոհիշյալ կարևոր հակասությունից, այս Պատմության մեջ աչքի են ընկնում մի շարք տարօրինակություններ, այսպես են՝ ժամանակագրության բացակայություն, կամ ժամանակագրական տվյալների մեջ անպատեհություն, գլուխների ոչ հաջորդական դասավորություն, այնպես որ շատ գլուխներ կարելի է իրենց տեղերից հանել և ուրիշ տեղ դնել՝ առանց խանգարելու պատմության ընթացքը: Արշակ թագավորի և Շապուհի միջև մղված երեսնամյա պատերազմի մեջ, որին նվիրված են Փավստոսի դպրության ԻՋ—խԹ գլուխները, անտեղի կերպով ընկած խԴ գլուխը՝ Պապ թագավորի կյանքի նկարագրով:

Վերը տեսանք, որ Պատմության առաջաբանը և Ա գլուխը միմյանց հակասում են, և հարց է ծագում՝ արդյոք լրի՞վ է հասել մեր ձեռքը այս Պատմությունը, թե սկզբից թերի է: Դարձյալ բանասիրության համար վիճելի հարցեր են — ո՞վ է այս Պատմության հեղինակը. հա՞յ, թե մի օտարազգի, ի՞նչ առնչություն ունի գրքի վրա դրոշմված Փավստոս անունը գրքի հեղինակի հետ. ի՞նչ լեզվով է գրված Պատմությունը, հայերե՜ն, թե մի ուրիշ լեզվով, այսինքն՝ մեր ձեռքին եղած գրվածքը բնագի՞ր է, թե թարգմանություն. ե՞րբ է գրված այս Պատմությունը, ինչո՞վ պետք է բացատրել վերոհիշյալ տարօրինակությունները: Այս հարցերի քննությանը և լուծմանը նվիրված են շատ ուսումնասիրություններ, և դեռ չեն գտնված ընդհանուրին ընդունելի պատասխաններ:

Հարկավոր ենք համարում համառոտակի մեջ բերել զանազան բանասերների կողմից այս հարցերի մասին հայտնված կարծիքները, որքան մեզ հայտնի են: