Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մուսնությունը աղտեղի բան էր համարում, այլ կասկածում էր իր տեսած երազից, թե ինչո՛ւ իրենից այնպիսի անպիտան զավակ պիտի ծնվի։ Որովհետև նա ցանկանում էր ոչ թե աշխարհական զավակ, այլ այնպիսին, որը տեր աստծուն սպասավորի, ծառայի։ Նա առհասարակ ամեն աշխարհիկ բան ոչինչ էր համարում. նա լավ էր համարում ոչ թե անցավորը, այլ վերինը, նա երկնային կյանք էր ակնկալում, նա գերադասում էր միայն Քրիստոսին ծառայել, որը իր համար փառք էր համարում։ Նա անտես էր անում թագավորի սերը, նրանից գտած պատիվն ու մեծարանքը կամ թագավորի հետ ունեցած փեսայական բարեկամությունը. այս բոլորը նա ուրանում, նրանցից հրաժարվում էր, համարելով իր համար օտար, գարշելի և խաբեություն։ Այն առաջին անգամից հետո այլևս ոչ մի անգամ չխաբվեց իբրև մանուկ, այլ հայրական միտք, ծերունական հանճարի խրատն ստանալով իմաստնացավ դեպի անմահություն ձգտելու։ Ավելի լավ համարեց Քրիստոսի համար նախատինքներ կրելը, քան թագավորների մեծարանքը, ընտրեց իր համար զուսպ կյանք, և տասներկու տարեկան հասակից ապրում էր առաքինի վարքով։ Նա նմանվեց իր հայրերին, հետևեց իր եղբոր՝ Գրիգորիսի օրինակին և Քրիստոսի լուծը մինչև իր կյանքի վերջը քաշում էր առանց որևէ հապաղման։

Բայց թագավորական տունը նրա հետ թշնամացել էր, և մինչ աներները այս բանի համար նրան անարգում էին, կինը մեռավ, և Հուսիկը վեճ ու աղմուկից ազատվեց: Եվ մինչ նա հոգս էր տանում իր ծնած, (մորից որբ) մնացած զավակների մասին և այսպիսի մտահոգությամբ աղոթում էր աստծուն, տիրոջ հրեշտակը երազում երևաց ու ասաց նրան. «Հուսի՛կ, Գրիգորի որդի, մի՛ վախենա, որովհետև տերը քո աղոթքները լսեց, և ահա քո այդ զավակներից կծնվեն ուրիշ զավակներ, որոնք Հայաստան աշխարհիս լուսավորիչներ և հոգևոր իմաստության աղբյուրներ կլինեն։ Նրանցից կբխեն աստծու պատվիրանների շնորհներ, լիուլի խաղաղություն և շենություն, շատ եկեղեցիների հաստատություն կտրվի նրանց տիրոջից, մեծ հաղթությամբ ու զորությամբ, շատ մոլորվածներ կդառնան դեպի ճշմարտության ճանապարհը,