Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/73

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ուստի և նրանց շնորհիվ Քրիստոսը կփառաբանվի շատ լեզուներով։ Նրանք կլինեն եկեղեցիների սյուներ, կյանքի խոսքի մատակարարներ, հավատքի հիմք, Քրիստոսի սպասավորներ և ս. հոգու ծառաներ, որովհետև որտեղից որ շինվածքի հիմքն է, այնտեղից էլ կատարն է։ Նրանց մշակող ձեռքերով շատ պտղաբեր, շահավետ և օգտավետ տունկեր կտնկվեն հոգևոր պարտեզում և աստծուց կօրհնվեն։ Իսկ որոնք որ շեն կամենա նրանց միջոցով տնկել և գիտության նույն հոգևոր ցողից ոռոգվել, նրանք կանիծվեն ու կմերժվեն, և նրանց վերջը կլինի (դժոխքի) կրակը։ նրանք շատ անգամ տիրոջ համար անարժանների կողմից կենթարկվեն թշնամանքի ու նախանձի, բայց վեմի նման հաստատ կմնան իրենց հավատում և մեծ համբերությամբ նրանց կհաղթեն։ Նրանցից հետո կթագավորի ստությունը՝ անզուսպ, անձնասեր, արծաթասեր, խաբեբա, անվստահելի, անպիտան, ստախոս, բանսարկու մարդկանց ձեռքով, այնպես որ շատ քչերը կմնան, որ կարողանան հաստատ պահել հավատի ուխտը»։

Մանուկ Հուսիկը հրեշտակից այս ամենը լսելով՝ մեծ մխիթարությամբ գոհանում էր տեր աստծուց, որ իրեն արժանացրեց այսպիսի բան հայտնող պատասխանի, և իր կյանքի օրերում միշտ ու հանապազ գոհանում էր։


Գլուխ Զ

ԳՐԻԳՈՐԻՍԻ ՎԱԽՃԱՆԻ ՄԱՍԻՆ:

Ինչ վերաբերում է Վրթանեսի որդի Հուսիկի եղբայր Գրիգորիս եպիսկոպոսին, որ Վրաց և Աղվանից կողմերի կաթողիկոսն էր, իր ծառայությանը կանգնելով դեռևս մանուկ հասակում, շինեց և նորոգեց այն կողմերի բոլոր եկեղեցիները, մինչև Ատրպատականի կողմերի գավառները։ Նա քարոզիչ էր քրիստոնեական ճշմարիտ հավատին և ամենքին երևում էր սքանչելի ու զարմանալի իր խստակյաց՝ անտանելի ճգնողական վարքով, պահեցողությամբ, մաքուր կյանքով, անքուն հսկումներով և անձանձրույթ ջերմ աղոթքներով