Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

առ տեր աստված՝ բոլոր մարդկանց համար։ Նա աստծու շնորհով անթերի վարում էր ավետարանական ընթացքը և սուրբ եկեղեցու վերակացությունը, ջանք էր անում, հորդորում, քաջալերում էր ամենքին դեպի բարին, գիշեր ու ցերեկ պահքով և աղոթքներով, ուժգին խնդրվածքներով ու կատարյալ հավատով մերձավորներին և հեռավորներին հոգևոր եռանդ էր ներշնչում. իբրև մի քաջարի պատերազմող միշտ իր անձը վարժեցնում և պատրաստ էր պահում ամեն տեսակ փորձությունների ու վշտերի, որպեսզի ամենայն համարձակությամբ կարողանա դուրս գալ կռվի՝ Քրիստոսի ճշմարիտ հավատի համար։

Եվ երբ այն կողմերի բոլոր եկեղեցիները կարգի բերեց ու նորոգեց, հասավ մինչև Մասքութների Արշակունի Սանեսան անունով թագավորի բանակի ճամբարը, որովհետև նրանք և Հայոց թագավորները նույն ծագումն ունեին, միևնույն տոհմից էին։ Գնաց, ներկայացավ Մասքութների թագավորին, Հոնաց բազմաթիվ զորքերի իշխանին, կանգնեց նրանց առաջ և սկսեց նրանց քարոզել ու ավետարանել քրիստոնեությունը։ Նրանց ասաց. «Ճանաչեցե՛ք աստծուն»։ Սկզբում նրանք ընդունեցին ու հնազանդվեցին։ Հետո սկսեցին քննել քրիստոսի օրենքները և այդտեղից իմացան, թե աստծուն ատելի են ավարառությունը, հափշտակությունը, սպանությունը, ագահությունը, ուրիշին ղրկելը, ուրիշինը ուտելը, ուրիշների ունեցվածքներին աչք դնելը։ Երբ այս բաներն իմացան, նրա խոսքերի վրա զայրացան ու ասացին. «Եթե մենք չհափշտակենք, եթե չթալանենք, եթե ուրիշների ունեցածը չխլենք, ապա ինչո՞վ պիտի ապրենք այսքան բազմաթիվ զորքերս»։ Եվ թեպետ նա բյուրավոր բարի խոսքերով կամենում էր նրանց սիրտը շահել, բայց չէին ուզում լսել։ Նրանք ասում էին միմյանց. «Սա եկել է մեզ քաջությունից զրկելու, մեր ապրուստի աղբյուրը խափանելու. եթե մենք սրան լսենք ու քրիստոնեական հավատին դառնանք, ապա ինչո՞վ պիտի ապրենք, եթե մեր բնիկ սովորության համաձայն ձի չհեծնենք։ Ո՛չ, ասում էին, սա Հայոց թագավորի մտադրությունն է, որ սրան ուղարկի մեզ մոտ, այս կրոնով խափանի մեր ավարառության արշավանքներն իր աշխարհից։ Եկեք սրան