Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տերի, հրամայում էին, որ ամեն մի մարդ մի ձեռքի քար բերի, մի տեղ ածեն, կույտ կազմեն, որպեսզի ինչքան որ լինի՝ նրանով էլ հասկացվի բազմության չափը, և ապագայի համար մնա անցած օրերի այս ահավոր նշանը։ Եվ որտեղից որ անցնում էին, այսպիսի նշաններ էին թողնում ճանապարհների խաչվող տեղերում, պողոտաների վրա։ Նրանք եկան, լցվեցին, Հայոց ամբողջ երկիրը ծածկեցին. քանդեցին, գերեցին, ամբողջովին ավերեցին, երկրի բոլոր սահմաններում ծավալվեցին մինչև Սատաղ փոքրիկ քաղաքը, մինչև Գանձակ՝ Ատրպատականի սահմաններում։ Շարժվեցին, մի սահմանված տեղ հավաքվեցին Այրարատյան գավառում, որտեղ մեծ բանակ գոյացավ։

Եվ Հայոց Խոսրով թագավորը խույս տվեց իր եղբորից, այսինքն՝ Մասքութների Սանեսան թագավորից, և գնաց Եովգի երկիրը, ընկավ ամուր Դարեոնք բերդը։ Նրա հետ էր նաև Հայոց ծերունի եպիսկոպոսապետ Վրթանեսը։ Այնտեղ նրանք սկսեցին պահք պահել և աստծուց խնդրել, որ նրանց փրկի այն դաժան դահճից, այս էին խնդրում տեր աստծուց։ Իսկ նա գրեթե մի տարի բռնացել, գրավել էր ամբողջ երկիրը։

Ապա եկավ հասավ Մեծ Հայքի զորավար Վաչեն՝ Արտավազդի որդին, Մամիկոնյան տոհմից, որ այդ ժամանակ երկար ճանապարհորդություն էր կատարել Հունաց կողմերում։ Նա հավաքեց նախարարներից քաջերին, խիստ բազմամարդ գունդ կազմեց և հարձակվեց (Սանեսանի) բանակի վրա լուսադեմին պաշտամունքային արարողության ժամանակ։ Նրանք բանակ էին դրել Ցլու գլուխ կոչված լեռան վրա։ (Վաչեն) նրանց բոլորին սրի քաշեց, ոչ մեկին կենդանի չթողեց և գերիների ողջ բազմությունը ետ դարձրեց։ Հետո հավաքեց ավարը և գնաց իջավ Այրարատյան գավառի դաշտը։ Այնտեղ նա Վաղարշապատ քաղաքում գտավ Մասքութների Սանեսան թագավորին բուն գնդի հետ, որ անհամար բազմություն էր կազմում։ Վաչեն զորքը վերցնելով հանկարծակի հարձակվեց քաղաքի վրա, և տերը նրանց նրա ձեռքը մատնեց։

Երբ թշնամիները տեսան նրա հարձակումն իրենց վրա, քաղաքից դուրս եկան, փախան դեպի առապարը, Օշական