Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

բերել ու տնկել Այրարատյան գավառում՝ սկսելով արքունի ամուր բերդից, որին ասում են Գառնի, մինչ Մեծամորի դաշտը, այն բլուրը, որ կոչվում է Դվին և գտնվում է Արտաշատ մեծ քաղաքի հյուսիսային կողմում։ Եվ այսպես անտառ տնկեցին գետի ընթացքով դեպի ներքև, մինչև Տիկնունի ապարանքը։ նա այս անտառը կոչեց Տաճար մայրի։ Մի ուրիշ անտառ էլ տնկեցին նրանից դեպի հարավ, եղեգնուտի եզերքով, և ամբողջ դաշտը լցրին կաղնի տնկով. սրա անունն էլ դրին Խոսրովակերտ։ Նույն տեղում շինեցին նաև արքունական ապարանքներ։ Երկու անտառներն էլ պարիսպներով փակեցին, առանց իրար հետ կցելու, անցուդարձի ճանապարհի համար։ Անտառն աճեց ու բարձրացավ։ Հետո թագավորը հրամայեց ամեն տեսակ որսի կենդանիներ ու գազաններ հավաքել ու լցնել պարսպապատված տեղերը, որպեսզի նրա թագավորության որսի և ուրախության տեղեր դառնան։ Վաչե զորավարը անմիջապես կատարեց թագավորի ասածները։

Եվ մինչ Խոսրովն զբաղված էր անտառները տնկելով, հանկարծ լրաբեր եկավ նրա մոտ Հեր և Զար ավանդ գավառներից, թե Պարսից զորքերը պատրաստվում են պատերազմով քեզ վրա գալու։ Խոսրով թագավորը հրաման տվեց Բզնունյաց Դատաբա նահապետին՝ երկրից գուգազ հանել անչափ ու անհամար, և մատենիկ գնդի հետ միասին դուրս գալ թշնամու առաջ, դիմադրել, նրա առաջն առնել։ Եվ Դատաբեն գնաց Պարսից զորքին ընդառաջ Հայոց զորքի բազմությամբ։ Երբ Դատաբևն հասավ, Պարսից զորքերի մեծերի հետ միաբանվեց և կամեցավ նրանց ձեռքը տալ Հայոց թագավորին՝ իր տիրոջը։ Նա թշնամիներին հրամայեց դարան սարքել իր զորքի դեմ և անմիջապես թշնամու սրերին մատնեց իր զորքը։ Հանկարծ, անսպասելի կերպով կոտորվեց Հայոց քառասուն հազար զորքը և մնացած զորքը դիմեց փախուստի։ Իսկ չարագործ Դատաբեն առավ Պարսից զորքը և կամեցավ Հայոց թագավորի վրա հարձակվել։ Փախստական զորքերն ավելի վաղ հասան Հայոց թագավորի բանակը, գուժեցին պատահած սարսափելի կործանումը, անօրեն Դատաբեն ի մատնության չարագործությունը։