Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ու թույլ չէին տալիս համարձակությամբ մտնել. և ավերել Հայոց երկիրը։ Եվ թագավորը հանգստություն էր վայելում, աշխարհը շեն ու խաղաղ էր նրանց կյանքի բոլոր օրերում։


Գլուխ Թ

ԲԱԿՈԻՐ ԲԴԵՇԽԻ ՄԱՍԻՆ, ՈՐ ԱՊՍՏԱՄԲՎԵՑ ՀԱՅՈՑ ԹԱԳԱՎՈՐԻ ԴԵՄ,

ՈՐԻ ՓՈԽԱՐԵՆ ԲԴԵՇԽ ԴԱՐՁԱՎ ՎԱՂԵՆԱԿԸ:

Այն ժամանակները Հայոց թագավորի դեմ ապստամբվեց նրա պաշտոնյաներից մեկը՝ Աղձնյաց մեծ իշխանը, որ բդեշխ էր կոչվում, արքունական դահլիճի չորս բարձր գահերը գրավողներից մեկն էր։ Նա հարեց Պարսից թագավորին և նրան մատնեց թագավորությունը, որին ինքը հենարան էր։ Նա Պարսից թագավորից զորք բերել տվեց իրեն օգնության, անջատվեց Հայաստանից և Հայոց թագավորի դեմ պատերազմ էր մզում Պարսից թագավորության ուժերով, և պատերազմը սաստկանում էր։ Եվ Հայոց թագավորը (նրանց դեմ) ուղարկեց մեծ զորքով իր հավատարիմ պաշտոնյաներին — Նորդվաց Ջոն իշխանին, Մեծ Ծոփքի Մար իշխանին, Շահեի Ծոփքի իշխան Ներսեհին, Սյունյաց Վաղինակ իշխանին, Հաշտենից Դատ իշխանին և Բասենի Մանակ իշխանին։ Սրանք գնացին, հաղթեցին Պարսից զորքերին և բոլորին առհասարակ սրի քաշեցին, նույնպես սպանեցին բդեշխին՝ եղբայրների ու որդիների հետ։ Բայց Բակուրի գլուխը և մի նորածին աղջիկ բերին թագավորին։ Եվ որովհետև նրա տոհմից ուրիշ ոչ ոք չէր մնացել, թագավորն այդ աղջիկը կնության տվեց իր սիրելի Վաղինակ Սյունիին, նրան տվեց նաև Աղձնյաց տունը և նրան դարձրեց բդեշխ ու ժառանգ այդ տան։ Ժառանգը բազմացավ, և Վաղինակն ամբողջ այդ երկրով ու բոլոր ուժով միշտ ծառայում էր թագավորին. բայց Բակուր բդեշխի որդիներից մի պատանի փախավ ու ապաստանեց Հայոց Վաչե զորավարի մոտ և նրա տանը թաքնվելով (մահից) ազատվեց, որ և հետո, ուրիշ ժամանակ, դարձավ, իր տունը դրավեց ու ժառանգ դարձավ։ Նրա անունն էր Խեշա։