Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դառն ցասումից չարանում ու անթիվ մարդիկ է կոտորում։ Եկավ նրան ուսուցանելու և խրատելու, որ աստծու ահից վախենալով՝ բնավորությամբ բարեհամբույր դառնա, մի կողմ դնի անասնաբարո, գազանային կատաղությունը։ Իսկ երբ անօրեն Մանաճիրհը տեսավ աստծու մարդուն՝ Հակոբ եպիսկոպոսին, նրան արհամարհեց, ծաղրի ու նախատինքի ենթարկեց։ Եվ իր մեջ ունեցած վայրենի բնավորությամբ, ի հեճուկս նրա՝ ութ հարյուր մարդ, որոնք կապանքի մեջ էին առանց հանցանքի, բերել տվեց նրա առաջ և հրամայեց՝ մի գահավեժ տեղից ծովը թափել ու այնքան հոգի կորցնել առանց որևէ հանցանքի։ Եվ կատակով ու ծաղրով հրամայեց հալածել նրան իր աշխարհից։ Նրան ասաց. «Տեսա՞ր ինչպես քեզ մեծարեցի, քո բարեխոսության պատճառով նրանց ազատեցի կապանքներից, հիմա նրանք ծովում դեռ լող են տալիս»։ Իսկ նա մեծ տրտմությամբ այնտեղից գնաց և տիրոջ պատվիրանի համաձայն՝ իր ոտքի փոշին թափ տվեց նրանց վրա: Նա իր հետի մարդկանցով գնաց Ռշտունիքով, հասավ երկաթահատների և կապարահատների լեռը։ Սա մի սահմանաբաժան բարձր լեռ է, որ կոչվում է Ընձաքիարս, որի վերևից բոլոր գավառները երևում էին։ Երբ այս լեռանը մոտեցավ, ստորոտը հասավ, շատ օրեր բոլորովին բան չէր կերել. այդտեղ խիստ ծարավ զգաց։ Ծունկ չոքեց, աղոթք արեց տիրոջը և գլուխը գետին դրեց, աղբյուր բխեց, որից ինքն էլ, հետը եղողներն էլ խմեցին։ Այստեղ էլ Ռշտունյաց (գավառում), ծովեզերքի մոտ, Ընձաքիարսի ստորոտում, նույն ձևով արեց, ինչպես արել էր Սարաբադ լեռան վրա։ Այս աղբյուրն էլ, առաջինի նման, մինչև այսօր կոչվում է Հակոբի աղբյուր։

Հետո աստծու քահանայապետ Հակոբը բարձրացավ լեռան գլուխը և անիծեց այն աշխարհը, որպեսզի այնտեղից իսպառ խռովությունը չպակասի, նրա համար, որ նրանք չլսեցին տերունական խաղաղության խոսքին։ Հետո սուրբ ավետարանիչ եպիսկոպոսը գնաց իր տեղը։ Իսկ նրա գնալուց երկու օր հետո այդ գավառում մեռավ Մանաճիրհի կինը իր յոթ որդիներով. հետո ինքն էլ ծակոտվելով չարաչար մա-