Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/85

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԺԱ

ՊԱՐՍԻՑ ԵՎ ՀԱՅՈՑ ՄԻՋԵՎ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ,

ԱՅԴ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՎԱՉԵ ԶՈՐԱՎԱՐԻ ԸՆԿՆԵԼՈՒ, ԽՈՍՐՈՎ

ԹԱԳԱՎՈՐԻ ԵՎ ՎՐԹԱՆԵՍ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՄԱՀՎԱՆ ՄԱՍԻՆ:

Սրանից հետո դարձյալ խիստ պատերազմ տեղի ունեցավ պարսիկների և հայերի միջև, որովհետև (պարսիկները) մեծ բազմությամբ հավաքվեցին, եկան Հայոց աշխարհն առնելու։ Ապա Մեծ Հայքի սպարապետ և զորավարի Վաչեն հավաքեց նախարարական զորքերի ազատների բանակը և դուրս եկավ Պարսից զորքերի հետ պատերազմելու։ Երկու կողմից էլ անասելի կոտորած էր լինում, և շատ մեծամեծ ավագանիներ կոտորվում, ոչնչանում էին։ Այս պատերազմում ընկավ նաև Վաչեն՝ Հայոց մեծ սպարապետը. և ամբողջ աշխարհը մեծ սգի մեջ ընկավ, որովհետև տերը շատ անգամ նրա ձեռքով փրկություն էր շնորհել հայերին։ Ապա Վրթանես եպիսկոպոսապետը հավաքում, մխիթարում էր բոլորին, իրեն՝ Խոսրով թագավորին, և բոլոր զորքերին, որոնք սրտակեզ ողբով ու արտասուքով, թախծալից հոգսերով, մեծ լաց ու կոծով բռնված սգում էին՝ գնացածների տառապանքները մնացածներին համարելով։ Մեծ Վրթանեսը մոտենալով նրանց սփոփում էր և ասում.

«Մխիթարվեցե՛ք Քրիստոսով, որովհետև նրանք, որ մեռան, մեր աշխարհի, եկեղեցիների և աստվածատուր հավատի համար (մեռան), որպեսզի մեր աշխարհը չգերվի, քարուքանդ չլինի, սուրբ եկեղեցիները չպղծվեն, նահատակները չանարգվեն, (եկեղեցական) սպասները պիղծ և անհավատ մարդկանց ձեռքը չանցնեն, սուրբ ուխտը չաղավաղվի, մկրտված ժողովուրդը գերի չգնա ու չմատնվի անհավատների պաշտամունքի զանազան պղծություններին։ Եթե թշնամիները մեր աշխարհը գրավեն, այստեղ կհաստատեն իրենց անօրեն, անհավատ, անաստված կարգերը, որ հուսանք, թե երբեք լինելու չէ։ Իսկ մեր բարեպաշտ նահատակները այս բանի համար պատերազմ մղեցին և չարիքը մեր աշխարհից հալածելով ու հեռացնելով՝ մեռան, որպեսզի անհավատությունը այս աստվածապաշտ ու աստվածասեր աշխարհը մուտք չգործի և չարի կամքին ծառա չդարձնի ու