Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/86

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

շատ հոգիներ, որ ջերմ եռանդ, անկեղծ սիրով իրար հետ կապված են, միմյանցից չբաժանի, չքայքայի։ Իսկ սրանք մինչ կենդանի էին, արդար ջանքով չարչարվեցին այս բանի համար և մեռնելիս հաստատ պահեցին իրենց հավաաարմությունը ու իրենց անձերը զոհեցին աստվածային ճշմարտության համար, եկեղեցիների, նահատակների, կրոնի սուրբ ուխտի, հավատի կարգերի համար, քահանայական ուխտի և Քրիստոսի անունով անթիվ նոր մկրտվածների ու աշխարհի բնիկ տիրոջ համար, և նրանք, որ իրենց կյանքը չխնայեցին այս բոլորի համար, պետք է մեծարվեն քրիստոսի համար զոհվածների հետ։ Ուրեմն նրանց չողբանք, այլ արժանապես պատվենք նահատակների հետ. մշտական կարգ սահմանենք ամբողջ մեր աշխարհում, որ ամեն ոք անխափան կատարի սրանց բարի հիշատակը՝ ինչպես Քրիստոսի նահատակների։ Իսկ մենք տոն կատարենք և ուրախ լինենք, որ աստված սրանցով մեզ հետ հաշտ լինի ու այսուհետև խաղաղություն շնորհի»։

Եվ Վրթանես մեծ քահանայապետը օրենք սահմանեց՝ երկրում տարեցտարի նրանց հիշատակը կատարել, ինչպես և նրանց, որոնք նույն կերպով երկրի փրկության համար կմեռնեն։ Կանոն դրեց՝ սրանց անունները հիշել աստծու սեղանի առաջ պատարագի ժամանակ՝ երբ սրբերի անունները հիշատակվեն, որոնցից հետո՝ սրանցը, իսկ ընկածների հարազատներին հոգ և խնամք տանեն։ Որովհետև, ասում էր, սրանք պատերազմի ճակատամարտում ընկան Հուդա և Մատաթիա Մակաբեների ու նրանց եղբայրների նմանությամբ։

Սակայն Վաչե զորավարի որդուն, որ փոքր մանուկ էր, հայրենական գահն ու բարձր տվեցին, որ նրա (Վաչեի) հոր անունով կոչվում էր Արտավազդ։ Թագավորի առաջ նրան շնորհեցին հոր աստիճանը՝ սպարապետությունը, որովհետև մեծ վաստակավորի որդի էր, վաստակավոր տոհմից, իսկ նրանց տոհմում ուրիշ չափահաս մարդ չգտնվեց, որովհետև մեծ պատերազմում մեռել էին։ Իսկ զորավարության գործը հանձնարարեցին Արշավիր Կամսարականին՝ Շիրակի ու Արշարունյաց գավառի իշխանին և Սյունյաց իշխան Անդոկին, որովհետև սրանք Մամիկոնյան տոհմի փեսաներ էին։ Եվ