Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նաղ, որի նմանը երկրում ուրիշ տեղ չէր գտնվում։ Հոգով մաքուր էր և պայծառ, աշխարհիկ բաներով բնավ չէր զբաղվում, այլ իբրև քրիստոսի քաջ սպառազեն, իբրև առաջամարտիկ, մանուկ հասակից ի վեր արհամարհում էր՝ աներևույթ թշնամուն հաղթել սպառնալով։ Նա մարդկանց նկատմամբ բոլորովին անաչառ էր և սուրբ հոգու պատգամը կրում էր ինչպես մեջքին կապած սուր. իսկ շնորհատուր հոգին նրան լցրեց գիտությամբ, որ աղբյուրի նման ոռոգում էր մարդկանց ականջները և սրտերը։

Իսկ Տիրան թագավորը և մյուս ավագ նախարարներն ու ամբողջ երկիրը ամենևին չէին վարվում աստծու կամքով, խելացի կյանք վարելով։ Մանավանդ թագավորն ու իշխանները առավելապես անխտիր սպանություններ էին գործում, զուր տեղը անմեղ արյուն թափում և ուրիշ շատ մեղքեր էին գործում. նրանք ուշք չէին դարձնում տիրոջ հրամաններին, չնայած որ (Հուսիկը) անդադար խրատում էր նրանց և հիշեցնում աստծու պատվիրանները։ Այս պատճառով երանելի Հուսիկ հայրապետը շարունակ նրանց դիմադրում էր, վարժ խոսքերով, համեստությամբ, ըստ Քրիստոսի խրատի, միշտ նրանց երեսովն էր տալիս, հանդիմանում էր, խրատում, մեղադրում. պատմում էր (աստծու) բարկության հավիտենական տանջանքների՝ (վերջին) դատաստանի անշեջ հուրը և բողոքում էր։ Որովհետև թեպետ տարիքով մանուկ էր, բայց իր մեջ ցուցաբերում էր ավագ տարիքին ծերության իմաստություն, խրատական և առաքելության հայրենական գործը մեծ քաջությամբ կատարում էր։ Մանկությունից ի վեր իմաստությամբ հայցերին նմանվելով՝ ծերության պատվաբեր պատիվը, զվարթ հանճարը արտահայտում էր ինչպես մի անուշահոտ ծաղիկ. ճշմարտության համար կռվում էր մինչև մահ. նախ իր անձը փրկելու, հետո նաև ուրիշների հոգիների համար նույն բանն ուզում էր անել։ Այնքան երկյուղած էր տիրոջից, որ ոչինչ չէր համարում թագավորի սերը կամ նրա ահը։ Իսկ աստծու գիտությամբ, սուրբ Գրքի ընթերցման արվեստով լի էր, որ և գործ էր դնում պատմելու ու հանդիմանելու համար և արգելում՝ թույլ չէր տալիս թագավորին ու մեծամեծներին եկեղեցի մտներ