Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/91

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործերից ու մեղքերից, որովհետև առանց առաջնորդի էին մնացել։ Նրանք համարձակ գնում էին կորուստի ճանապարհով, իրենց կամքով չարիքների մեջ էին ընկնում, իրենց կամքով դառնում էին բարկության որդիներ և աշխարհում շրջում էին առանց աստծու Հայոց աշխարհի այդ կամակոր ազդը։ Նրանք նմանվում էին ոչխարների այն հոտին, որոնք իրենց պահապան և պաշտպանող շները իրենցից հեռացրին ու իրենց կամքով մատնվեցին թշնամի գայլերին, նրանց կերակուր դարձան Աթենք մեծ քաղաքի նմանությամբ։

Այդ ժամանակ (մարդիկ) իրենց համար չար օրինակ վերցրին թագավորին, նրա պես սկսեցին վարվել, նրա պես գործել։ Որովհետև վաղուց ի վեր, երբ նրանք քրիստոնյա անունն ստացան՝ այդ (կրոնը) հանձն առան հարկադրաբար՝ իբրև մի մարդկային մոլորություն, առանց ջերմ եռանդ հավատի։ (Կրոնն ընդունեցին) ոչ գիտակցաբար, հույսով ու հավատով, ինչպես որ հարկն էր։ Միայն քչերը, որոնք փոքրիշատե ծանոթ էին հունական կամ ասորի գրագիտության, մասամբ հասկանում էին այդ (կրոնը)։ Իսկ որոնք գրագիտության արվեստից զուրկ էին, այսինքն ժողովրդի՝ նախարարների ու շինականների խառնիճաղանջ բազմությունը — եթե ուսուցի շները նստելով գիշեր-ցերեկ ամպերի նման ուսումը ինչպես հորդ անձրև նրանց վրա հոսեցնեին, նրանցից ոչ մեկը ոչ մի խոսք, ոչ կես խոսք, ոչ մի բան, ոչ մի նշույլ իրենց լսածներից չէին կարող մտքում պահել կամ հասկանալ։ Որովհետև նրանց մտքերն զբաղված էին անպիտան, անօգուտ բաներով, ինչպես փոքր երեխաները, որոնք մանկական հասակում տարվում են իրենց տղայական խաղալիքներով, պիտանի ու կարևոր բաների վերաբերյալ հոգ չեն տանում, նրանք էլ սրանց նման տհաս մտքերով խարխափում էին պարսավելի գործերի, հին հեթանոսական սովորությունների մեջ՝ խուժադուժ բարբարոսական միտք ունենալով։ Նրանք սիրում էին իրենց երգերը, առասպելները, վիպասանությունները, նրանց հանդեպ փութեռանդ էին, նրանց հավատում էին, նրանց մեջ հարատևում։ Իրար նկատմամբ տածում էին ատելություն ու նախանձ, թշնամություն, ոխակալություն, իրար բզկտում էին, մարդը նենգում էր ընկերո-