Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հորդին բրածեծ անելով սպանեցին, և այնուհետև ամեն ոք վարվում էր իր ուզածի պես։ Որովհետև այլևս չկար մեկը, որի հանդիմանությունից քաշվեին, որ նրանց արգելք դներ անօրեն ճանապարհով գնալու։ Աստծու կողմից էլ նրանք անուշադրության մատնվեցին, իրենց կամքին, իրենց սրտի ցանկություններին հետևեցին, որովհետև չկար ոչ առաջնորդ և ոչ էլ քահանայության գլուխ։

Բայց նրանք անփույթ չգտնվեցին (մի մարդ ընտրել), ոչ նրա համար, որ իսկապես իրենց հովիվ ու առաջնորդ լինի, ժողովրդի հոտապետ դառնա, այլ փնտրում էին այնպիսի մեկին, որ իրենց զրուցընկեր լինի և իրենց ուզածի պես կառավարի։

Այն ժամանակ թագավորը, իշխանները և ամբողջ (Հայոց) աշխարհը խորհուրդ արին, թե ո՞վ է արժանի այդ պաշտոնին, որովհետև (Հուսիկից) մնացած երկվորյակ մանուկները, որ կոչվում էին Պապ և Աթանագինես, անխրատ և ստահակներ էին, որոնք ոչ աստվածային Գրքի ուսումն ունեին, ո՛չ դաստիարակված էին առաքինության մեջ, ո՛չ իրենց հարցերին նմանվեցին, ո՛չ իրենց ծնողին՝ Հուսիկին, նայեցին, ո՛չ Մեծ Գրիգորի առաքինություններին ուշադիր եղան և ոչ իրենց հոգևոր պատվականությունը՝ հավիտենական կյանքի պատիվը, մտաբերեցին, այլ իրենց դարին նմանվելով, իրենց սնոտի մարմնավոր ազնվականությամբ և ազգականությամբ պանծալով՝ զինվորական կյանքն ընտրեցին։ Այս պատճառով ընտրելի չդարձան նրանք, այլ իրենց հպարտության պատճառով մերժվեցին՝ ըստ առաջուց իրենց հոր տեսած երազի, նրանք աստվածապաշտության լծի տակ չմտան։ Եվ Գրիգորի տան սերնդից ուրիշ մեկը չկար. որովհետև նրա մարմնավոր զավակները միայն սրանք էին, իսկ սրանք իրենց վարքով չնմանվեցին իրենց հայրերին։ Եվ ուրիշ մեկը չկար, որ առաջնորդության, գլխավոր քահանայապետության, եկեղեցիների վերակացության ու հրամանատարության պաշտոնը կատարեր: