Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գլուխ ԺԴ

ՄԵԾ ԴԱՆԻԵԼԻ՝ ԱՍՏԾՈՒ ՄԱՐԴՈՒ ՎԱՐՔԻ ԵՎ ԳՈՐԾԵՐԻ

ՄԱՍԻՆ ԵՎ ԹԵ ԻՆՉՊԵ՞Ս ՆԱ ՀԱՆԴԻՄԱՆԵՑ ՏԻՐԱՆ

ԹԱԳԱՎՈՐԻՆ ՈԻ ՆՐԱՆԻՑ ՊԱՏԺՎԵԼՈՎ ՍՊԱՆՎԵՑ:

Այս ժամանակ դեռ կենդանի էր սուրբ և մեծ ծերունի Դանիել քորեպիսկոպոսը մի սքանչելի մարդ։ Սա եղել էր Մեծ Գրիգորի աշակերտը և (նշանակված էր) վերակացու ու գլխավոր Տարոն նահանգի եկեղեցիներին, որ Գրիգորի սեփական իշխանությունն էր կազմում, և այդ կողմի մեծ դատավորական իշխանության գործակալ։ Այս իշխանությունը նա առանձին ուներ, բայց (ընդհանրապես) վերակացու, կարգադրիչ, տեսուչ և հոգաբարձու էր Մեծ Հայքի բոլոր եկեղեցիներին՝ ամեն տեղ. նա նույնիսկ Պարսկաստանի կողմերում օտար վայրերում (քրիստոնեություն) քարոզեց և անթիվ մարդիկ մոլորությունից դարձրեց։

Սա ազգով ասորի էր և ամբողջ Հայաստանի մայր եկեղեցիներից ամենամեծի ու առաջինի՝ Տարոնի եկեղեցու գլխավոր աթոռի, այսինքն՝ առաջին և պատվական գլխավոր տեղի աստիճանն ուներ, որովհետև առաջին անգամ այնտեղ էր շինված սուրբ եկեղեցին և տիրոջ անվան սեղան կանգնեցված. նույնպես նրանից ներքև Հովհաննեսի մարգարեանոցը, նույնպես և առաքյալների Հանգստարանը՝ տիրոջ տան մոտ։ Արդ՝ այս տեղերը, առաջնակարգ լինելու համար հայրապետներից ու թագավորներից սահմանված կանոնով պատվվում էին, ինչպես և Դարանաղյաց գավառում պատվվում են Թորգանի եկեղեցուն կից տեղերը՝ Գրիգոր հայրապետի գերեզմանի պատճառով, նույնպես և Տրդատ թագավորի հիշատակի համար, որ կամա թե ակամա արժանավոր դարձավ քրիստոնեական հավատն առաջին անգամ ընդունելու։ Ուստի աշխարհը կամեցավ պատվել այս տեղերը, որտեղ թաղված էին նախնի հայրերն ու եպիսկոպոսները։ երկիրը սիրում էր մեծարել իր Տրդատ թագավորին՝ Քրիստոսի առաջին հավատացյալին, նույնպես և առաջին եպիսկոպոսապետ նախավաստակ Գրիգորիսին, այսպես և Այրարատյան գավառում Քրիստոսի նախավկաներին՝ Գայանեին ու Հռիփսիմեին, որ