Էջ:Faustus of Byzantium, History of Armenia, 1968 (Փավստոս Բուզանդ, Պատմություն Հայոց, 1968).djvu/95

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

այնտեղ թաղված էին իրենց գործակիցների հետ միասին, և մանավանղ առաջին եկեղեցին։

Այս տեղերը հանձնված էին նրան գավառներով հանդերձ, որտեղ նրանք գտնվում էին. և նա հավատարիմ էր այն գլխավոր սեղանին, հայրապետական աթոռի իշխանությանը, կաթողիկե եկեղեցու հաստատուն ուխտին։ Սա քորեպիսկոպոսական աստիճանի ձեռնադրությունն ստացել էր Մեծ Գրիգորի ձեռքից այն ժամանակ, երբ նա կործանեց Հերակլի, այսինքն Վահագնի. մեհյանի բագինները, Աշտիշատ կոչված տեղում, որտեղ և հիմք գրեց առաջին սուրբ եկեղեցուն։

Սա զարմանալի մարդ էր, մեծամեծ հրաշքներ էր գործում մեր տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Առանց կոշիկները հանելու ոտքով քայլելով անցնում էր գետերի ջրերի վրայով, և կոշիկները չէին թրջվում։ Զմեռվա օրերին, երբ խոր ձյունը կուտակված, դիզված էր լինում լեռների վրա, և նա կամենում էր այսպիսի ժամանակ այսպիսի լեռներով ճանապարհորդել, ձյունը հանկարծակի ցամաքում էր նրա առաջ, սև հողը բացվում։ Եվ երբ կամենում էր մի հեռու տեղ գնալ, առանց նեղության սլանում անցնում էր փայլակի նման. կարծես թե թռչելով իսկույն այնտեղ էր լինում, ուր կամենում էր գնալ։ Մեռելներին հարություն էր տալիս, հիվանդներ բժշկում, և դեռ սրանցից ավելի մեծ հրաշքներ էր գործում, որ նույնիսկ գրով հնարավոր չէ նկարագրել։ նրա բնակատեղին անմարդաբնակ լեռներում էր, բայց մարդկանց կարիքները անտես չէր անում։ Նա մի զգեստ էր կրում՝ շուրջառ և սանդալներ. նա կերակրվում էր բանջարներով ու արմատներով, մինչև անգամ գավազան չէր գործածում. աստվածային խոսքի կողմից այնչափ հզոր էր, որ ինչ աստծուց խնդրում էր, ստանում էր, ինչ որ ասում էր, այնպես էլ լինում էր։ Եվ իր տեսչության տեղերը, երբ անապատներիցս շեներն էր իջնում աստծու գործի համար, գլխավոր եկեղեցիներն էին լինում։ Հաճախ նա (գալիս էր) այն աղբյուրի մոտ, Հերակլի բարձրադիր մեհենատեղի ներքև, որ գտնվում է Ցուլ կոչված մեծ լեռան դեմուդեմ, բագինի տեղից մոտ մի քարընկեց հեռավորությամբ դեպի ներքև, փոքրիկ ձորակում, հացի ծառերի աննշան պուրակում,