ավագ պրոֆեսորը տոմս հանել տվեց և երբ այն էլ ավարտեցի, հոգաբարձուն գլուխ տարավ շատ գովելով և ցույց տալով ինձ` ասաց ավագ պրոֆեսորին, թե «շատ լավ ուսանող է, անցյալ օրն էլ արաբերենից հաջող քննութուն տվեց»։ Հանեց ցուցակը և մատնանշեց ազգանունս, պրոֆեսորին ասելով. «Սունդուկովու պյատ»։ Իմ ընկերները նույնպես հաջող քննություն տվին և քննությունից հետո հոգաբարձուն բոլորիս մեծ շնորհակալություն հայտնեց։ Սակայն, եթե ինձ սիրում եք, ոչ ոքի չպատմեք, թե չէ կասեն, թե այս ինչ երեխայություն է, որ նման բաներ է գրում։
Ինչպես քիչ առաջ գրեցի, Ձեզ և Յագորի պատճառով եմ այս ամենը գրել։ Ես գիտեմ, որ հենց որ Յագորին պատմեք, նա կասի. «Հալա ղուրթ իս ասո՞ւմ, քալրատոնո»: Ապա կսկսի աղոթքն ու օրհնությունը։
Մայրիկ ջան, այժմ ինձ մնացել է ևս երկու քննություն. մեկը այս ամսի 20-ին (օրենքների), իսկ երկրորդը հունիսի 6-ին (պատմության քնն<ություն>)։ Աստված ողորմած է, հույս ունեմ, որ նրանք էլ հաջող տամ։ Հա՜յ թե գիմնազիայի նման կլիներ այստեղ, մենք գիտենք, լավ տակից դուրս գալը, բայց ինչ կարող ես անել, երբ պրոֆեսորներն իրենք են տոմսերը բերում։ Սակայն մենք էլ վարպետ ենք։ Օրենքների համար նշանակեցինք 10 օր, պատմության համար` 16 օր։ Սակայն պատմության համար միայն ես ունեմ 16 օր, որովհետև ընկերներս հունիսի 2-ին ռուսաց քրիստոնեական հավատի քննություն ունեն, իսկ հայերը այն չեն սովորում: Իմ դժվարն էլ օրենքների քննությունն է, թե չէ պատմությունը երեք օրում կսովորեմ։ Հետևապես, մայրիկ ջան, իմացած եղեք, որ հաջորդ նամակս կգրեմ այս ամսի 23-ին։
Մայրիկ ջան, գրում եք, թե ինչու ընտրեցինք այսքան դժվար ուսում։ Նախ այն, որ մենք չենք ընտրողը, քանի որ կայսեր կամքով ենք մենք այս համալսարանում և, երկրորդն էլ այն, որ մեծ անուն ձեռք բերելը դժվար է: Մեզ այստեղ այլ կերպ են նայում։ Ակնավաճառը երբ մարգարիտ է ծախում և կշռելիս մի մարգարիտ ավելի լինի, իսկույն կկանչի` «օ՜հ, о՜հ, ծանդր է»։ Իսկ եթե մի մարգարիտ կշռից պակաս լինի, գնողը կասի` «էրի հա՜, խիստ թեթիվ է»: Այդպես էլ մենք. թեև մարգարիտի հետ չենք կարող համեմատվել, սակայն այնպես են մեզ նայում, որ եթե մեզ մի փոքր վատ դրսևորենք, իսկույն կնկատվի, իսկ լավի դեպքում` ավելի կերևա։ Մեր բախտն է, որ մեզ լավ աչքով են նայել և մինչև այսօր որտեղ էլ