մեզ հանդիպում է տեսուչը, հոգաբարձուի փոխարեն անվերջ շնորհակալություն է հայտնում վարքի և ուսման համար։
Մեկ էլ այն, մայրիկ ջան, որ մենք համալսարանի հաշվին չենք։ Կայսերն իր սեփական միջոցներից յուրաքանչյուրիս համար համալսարանին տալիս է քսան մեկ թուման։
Ահա, մայրիկ ջան, այսպես հասկացեք մեր պատիվը:
Մայրիկ ջան, մի բանի վրա շատ ծիծաղեցրիք Ձեր նամակով: Երանի իմանամ, թե Կայթմազովի մասին ո՞վ Ձեզ այդպիսի լուր հասցրեց քաղաք: Ավագ Կայթմազովը երրորդ կուրսումն է, իսկ կրտսերը` առաջին: Երկուսն էլ այստեղ` համալսարանումն են։ Ի՜նչ կայսեր պալատ, ի՜նչ փլավ, ի՜նչ չլավ։ Ո՞վ ասեց Ձեզ։ Սակայն Թիֆլիսի կանանց բանը ես գիտեմ։ Այս էլ չլինի, թե Շարոևը կայսեր մոտ է լինում։
Այժմ սիրով բարևս եմ հաղորդում Ձեզ, Ձեր ձեռքն ու կուրծքը համբուրելով։ Սիրով բարևեք տեր-Օհանեսին, պապին, մորաքրոջը, Միկոյին, Իվան Վասիլիչին (հո չեմ սխալվում. հորաքրոջանց Հովանեի մասին է խոսքս), Մելքո Ստեփանիչին և բոլորին, ինչպես և Թինային, Բասիկելին, Անդրիային։
Սիրելի Յագոր Զախարիչ,
Ձեր աղոթքն ու օրհնությունը ստացա։ Այն սրբերի զորությունը լինի Ձեզ, Ձեր ընտանիքի, Թոմկայի և Ձեր բոլորի վրա։ Սակայն ներողամիտ եղեք, որ այս անգամ չկարողացա Ձեզ առանձին նամակ գրել։
Եղբայր Ղաղո ջան.
Երանի իմանամ, թե ի՞նչ հանցանք եմ գործել, որ այս նամակում Ձեր բարևին չարժանացրիք։ Չգիտեմ, գրողն է մոռացել, թե Ձեր կամքն է եղել։ Գուցե բարկացել եք, որ Ձեզանից թառ եմ խնդրել: Հավատացեք, որ Ձեր խոսքերն էի հիշում («ծտի ձու վուր ուզիս, կու ղրգիմ»), դրա համար համարձակվեցի, թե չէ` չէի անհանգստացնի, «թե չէ քու կամքն է»:
Ահա շուտով քննություններս կավարտեմ և չգիտեմ, թե համալսարանում ինչպես պիտի անցկացնեմ այս երեք ամիսը այս շոգերին։ Վալլա, որ շատ շոգ է: Արաբերեն է ասված: