Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/109

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հարյուր թուման էլ ծախսի, երկրորդ անգամ չի կարող քննություն տալ։

Սրանից բարի, այս ամսի 20֊ին որ քննություն ունեինք, նրա պրոֆեսորը չափազանց թունոտ մարդ է։ Գաբրիել, այս բաներն իմացիր, արի ու նրա օրենքները լավ մի սովորիր։ Երդվում եմ աստծով, մայրիկ ջան, ութ օր կարդալով այնպես եմ անցկացրել, որ համարյա մոռացա իմ վիճակը. ոչ հիշում էի, թե Պետերբուրգումն եմ և ոչ էլ Ձեզանից հեռու լինելս։ Աշխատեցի բոլոր տոմսերը սովորել։ Հասավ մայիսի 20-ը (երեքշաբթի)։ Երբ հավաքեցի օրենքի բոլոր տետրերը և նայեցի, ծիծաղս եկավ։ Ասում էի, թե այսքանը ո՞նց սովորեցի (այն, ինչ որ այդտեղ չորրորդում և հինգերորդումն էի սովորում, նույն օրենքներն են, սակայն այդտեղ շատ համառոտ էին, մինչդեռ այստեղ շատ ընդարձակ, այնպես որ, եթե այդտեղ հարյուր թերթ էր, այստեղ չորսհարյուր թերթ)։ Մունդիրը հագա և իջա լսարան: Ուսանողներից ոմանք ասում են, թե ի՞նչ անեմ, մեկ-քառորդն եմ սովորել, երկրորդն ասում է, թե կեսն եմ սովորել։ Իսկ ես ինձ համար շատ հանգիստ եմ, գիտեմ, որ ինչ տոմս էլ ընկնի, բոլորի պատասխանը կտամ։ Մտնում են ուսանողները. ոմանք լավ են հանձնում, ոմանք ո՞վ գիտի։ Բայց այն թունոտը, ինչքան պակաս ասեմ, քառասուն ուսանողի կտրեց։ Աղաչում եմ աստծուն, որ մինչև մեզ քննելը հոգաբարձուն հասնի։ Սակայն ծիծաղելին ի՛նչ է. երբ հոգաբարձուն և մեր դեպուտատը (Բուտկովի օգնականը, Խարիտոնովի փոխանորդը) եկան, նա սկսեց իր գիտությունը ցույց տալ, և ինչ ուսանող մտնում էր, ոչ ոք լավ թվանշանով դուրս չէր գալիս, թեպետ և այնպիսի տոմսեր էին բաժին ընկել, որ գիտեին։ Հետո դեպուտատը հոգաբարձուին հարցրեց մեր մասին և նա էլ սկսեց մեզ գովել, թե սրանք շատ լավերն են, մեկը մյուսից գերազանց և դասընթացն էլ լավ կավարտեն։ Սկսեցին մեզ առանձին֊առանձին կանչել։ Ով ինչ տոմս էլ հանում էր, դժվար թե հեշտ, միևնույն էր մեզ համար։ Բոլորս էլ հաջող տվեցինք քննությունը և պրոֆեսորն ինքը բացականչեց, թե սրանք գերազանցում են իրավաբաններին (մենք օրիենտալիստներ ենք):

Այնպես որ, մայրիկ ջան, այս քննությունից էլ ազատվեցի: Բայց հիմա այլևս ոչ մի բանից չեմ վախենում։ Օրական չորս ժամ էլ որ պարապեմ, միևնույն է, դարձյալ կհասցնեմ։ Մինչդեռ սրանից առաջ առավոտը ելնում էի ժամը վեցին և մինչև քնելս անվերջ կարդում էի։ Օրական ութ ժամ քնում էի, մեկ ու կես ժամ թեյի ու ճաշի համար էր կորչում և մնացած ժամանակն անընդհատ կարդում էի։