Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ավելի[1] դժվարն այն էր, որ համալսարանի առջև, Բիրժայի[2] պարտեզում թե՛ Լոնդոնից, թե՛ Փարիզից, թե՛ Հնդկաստանից ու Չինաստանից տարբեր տեսակի զարմանալի թռչուններ, կապիկներ, սադաֆի մեջ ծաղիկներ, ես ինչ գիտեմ, որ մեկն ասեմ, վաճառում էին և կառք֊կառքի ետևից, հա գալիս էին։ Բայց մի քառորդ ժամն անգամ խնայում էի, որ գնայի. մտածում էի, գուցե թե մեկ քառորդ ժամի փոխարեն մի երկու ժամ անցկացնեմ։ Այդ պատճառով էլ չէի գնում և ասում էի, թե այդ հետո էլ կարելի է տեսնել։ Եվ իրոք, մի ամիս պիտի տևի այս տոնավաճառը։ Չորս թռչունի համար յոթանասուն թուման արծաթ դրամ էին պահանջում և կայսրը գնեց։ Ամբողջապես նման թանկ բաներ են վաճառում։ Մարդ այդ պարտեզով որ անցնում է, նրան թվում է, թե ինքն իր կյանքում երբեք վիշտ չի ունեցել կամ, եթե մարդ վիշտ էլ ունենա, ամեն ինչ հիշողություն կդառնա նրանց քաղցր ու տեսակ֊տեսակ դայլայլիկներից։

(Մինչև այստեղ երեկ երեկո գրեցի. հետո (կադետսկի կորպուսում) Սաֆարովն եկավ, մինչև տասներկուսն այստեղ էր և չկարողացա գրել։ Նա էլ երեք ամսից հետո կավարտի դասընթացը և պրապորշչիկի աստիճան կստանա):

Մայրիկ ջան, երեկ մեծ զորահանդես էր (ռազվոդ) և կայսրը ինչպիսի տարբեր գնդեր որ ունի, բոլորն էլ կային, այնպես որ վաթսուն հազար (կարծում եմ որ դեռ ավելի) զինվոր կլիներ: Սակայն բոլորը զինվոր չէին, նրանցից չորս հազարը կադետներ էին. Սաֆարովն էլ այնտեղ էր: Վաթսուն հազարից կեսը հեծելազոր էր: Մայրիկ ջան, շատ մեծ տեսարան էր և այս բանը Ցարիցին լուգի վրա տեղի ունեցավ։ Սա այնպիսի մի հրապարակ է և շուրջը այնպիսի տներ են, որ ո՞ր մեկն ասեմ: Ափին կայսրուհու համար վրան սարքեցին և ինչեր տեսա, երանի գիտենաք: Վրանը մտնելու համար դրված էր երեք աստիճան ունեցող սանդուղք՝ կարմիր մահուդ պատած, և ես ուղիղ սանդուղքի մոտ էի կանգնած։ Երանի գիտենաք, թե ինչպես են հագնված նրա սպասավորները։ Թե աստված արժանացրեց ու Ձեզ տեսա, համա թե կպատմեմ։ Վրանի մոտ ձին հեծած` կանգնած էր կայսրը թագաժառանգի հետ։ Իր առջևից որ անցնում էին գնդերը՝ կայսրը կանչում էր. «Սմելեե իդի» (համարձակ գնա). երբեմն կանչում էր «խոռոոոչո՛»: Չերքեզները կամ թուրքերը

  1. Ինչպես սրանից առաջ քեզ գրել էի, այս ջնջածի մասին ոչ ոքի չպատմեք:
  2. Բիրժան, եթե ցանկանում եք իմանալ, թե ինչ է, ես Ձեզ կհաղորդեմ: Այնպիսի տուն է, ուր հավաքված են վաճառականները և առևտրի մասին են խոսում: Հացի խանութի չորս մեծութունն ունի: