Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ անցնում էին` կանչում էր «հայդե՛, հայդե՛»... Երբեմն ասում էր. «Սալամալեք»։ Այս զորահանդեսը հինգ ժամ տևեց և այնտեղից որ եկա, Ձեր նամակն էլ ստացա: Նման զորահանդես տարեկան մեկ անգամ է լինում և այն էլ մայիս ամսին, և մշտապես սահմանված է, որ կայսրը յուրաքանչյուրին մեկ ռուբլի է նվիրում և այդ հաշվով երեկ կայսրը վեց հարյուր թուման սպիտակ դրամ ծախսեց. համա թե փող է՜...

Մայրիկ ջան, անցյալ անգամ որ Պետրե Բեգլիարովի անունով նամակ էիք ուղարկել, ես չկարողացա տանել և փոստով ուղարկեցի: Նրա որպիսությունն եք հարցնում։ Նա ինչ ունի որ. շատ լավ է և քաջառողջ։ Միայն թե չի ուզում սովորել և եթե իրեն չհանեն, ապա կվռնդվի։ Այնքան անհանգստի մեկն է, որ սպաներին բռունցքներով ծեծում է։ Այս ամենը ձեզ պատմում եմ այնպես, ինչպես ինձ ասել է Ցիցիանովի եղբայրը (երկուսն էլ միևնույն կորպուսում են) և շատ եմ խնդրում, որ այդ մասին իրենց չգրեն, թե չէ ես շատ անհարմար դրության մեջ կընկնեմ:

Թե այստեղի մասին կհարցնեք՝ գիշեր այլևս չկա։ Գիշերվա փոխարեն միմիայն երեկո է և երեկոն էլ ընդամենը չորս ժամ. մնացածը ցերեկ. այսպես պատկերացրեք։ Ինչպես որ այդտեղ գերմանացիների կոլոնիայի կողմից արևը ելնելիս լինի և Վերայի մոտ մայր մտնելիս. իսկապես որ Պետերբուրգում է:

Մայրիկ ջան, երեկվա նամակում գրում եք, թե այս Նիկոլ Զախարիչին հարցրի, և նա ասաց, թե այս թանկ է, այս` էժան։ Արևս վկա, ես զարմացել եմ Ձեզ վրա, այնպես է ստացվում, որ իբր ես Ձեզ խաբում եմ։ Ճաշը և գինին ի՞նչպես կարող է վեց շայի արժենալ, երբ ամենահասարակ գինին միայն վեց շայի է։ Եվ աստծուն լավ հայտնի է, որ ես այստեղ դեռևս գինի չեմ գնել։ Ձեր կամքն է, ում ցանկանում եք, նրան էլ հավատացեք, և երբ կգամ ու դրամապանակս կդնեմ Ձեր առաջ, այն ժամանակ կտեսնեք ամեն ինչ, թե ես ինչպես եմ այստեղ վարվել։ Հինգ ռուբլին չկարողացա Կայթմազովից և երեք ռուբլին` Մելիքովից պոկել։ Ինչ անեմ, հո դատի չեմ տա. և այդտեղ ոչ ոքի չասեք, թե ինձ սիրում եք։ Եվ գուցե Դուք կարծում եք, թե ես աջ ու ձախ դրամ եմ շաղ տալիս:

Դուք լավ մտածեք, որ եթե մարդը տուն ունենա և մի ճաշ, սրանից ավելի էլ ի՞նչ ծախս կարող է ունենալ: Պետերբուրգը մի կողմը մնա` Դուք այդտեղով դատեք:

Մարդուն և՛ հագնել է պետք, և՛ սապոգներ, և՛ բաղնիք, և՛ ձեռնոցներ. այս մանրուքից Դուք կարող եք գաղափար կազմել: