Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա փող չունեի, որ ամառվա շինել կարել տայի. վերցրի դերձակին երեք ռուբլի տվի և ձմեռվա շինելի աստառն ու բամբակը պոկել տվեցի և մոխրագույն դայմիկիտոն կպցնել տվի։ Ի՞նչ անեմ, ասեք տեսնեմ, անընդհատ նման հաշիվներ են։ Թե չէ, լավ իմացեք, որ այսուհետև ես Ձեզ չեմ անհանգստացնի և Ձեզանից այլևս փող չեմ խնդրի: Կուղարկեք թե ոչ, Դուք գիտեք, և տեսեք, թե մի ճաշը կես շիշ գինու հետ ինձ ո՞վ կտա վեց շայիով:

Ինչպես լինի, մի կերպ անց կացնեմ այս երեք տարին էլ և հետո երևի աստված ողորմած է. ոչ միայն հետո, այժմ էլ աստված ողորմած է։ Ահա պանսիոնը վերանում է և չգիտեմ, թե քսան թուման ռոճիկով որտեղ ապրեմ։ Եթե լավ ընկերներ ունենամ, երկու կամ երեք հոգի միասին կապրենք։ Սակայն աստված մի արասցե. բոլորին լավ ճանաչեցի։ Ինչ խոսք, նրանց մեջ լավն էլ կա, բայց ես այնպես չեմ դաստիարակվել, որ նրանց հետ կարողանամ ապրել։ Երևի ես եմ վատը...

Թե ինչպես եմ այս տարին անցկացրել, այդ աստծուն է հայտնի (Սարքիսով ազգանունով մի ընկեր ունեի, նա էլ իմ մեղքից այստեղ չի մնում, երկու֊երեք ամսից հետո գալիս է այդտեղ: Դրա պատճառների մասին կհաղորդեմ մյուս նամակով։ Սակայն, թե ինձ սիրում ես, Սարքիսովի մասին հայտնածս լուրը ոչ ոքի չասեք, մինչև որ ինքը նամակ չգրի իր մորը) և նմանապես, թե ինձ սիրում ես և իմ մահը չես ցանկանա, իմ ընկերների մասին ոչ ոքի բան չասեք։ Երկար ժամանակ սրտիս մեջ պահել էի և դարձյալ ուզում էի պահել: Բայց ինչ փայդա է ինքս էլ չգիտեմ, թե ինչպես բերնիցս թռցրի ու Ձեզ ասացի։ Եվ այս էլ իմացեք, որ եթե պանսիոնը չփակեն էլ, Աղաֆոն Դավիդիչի ոտքերը կհամբուրեմ և ինձ ազատել կտամ պանսիոնից ու կխնդրեմ, որ ինքն ուր ցանկանում է, թող այնտեղ էլ բնակեցնի: Ճիշտ է, կամքս կկաշկանդվի, կսահմանափակվի, եթե որևէ մեկի մոտ ապրելիս լինեմ: Սակայն գերադասելի է, որ հանգիստ լինեմ և կամքս կաշկանդված, քան թե կամքս ազատ և ճնշված.

Գերադասելի է լինեք կամքով կաշկանդված,
Քան թե կամքով ազատ և ճնշված. հը, ի՞նչպես է...

Քսան և մեկ թուման և տասնչորսն էլ իմը. որևէ մեկի մոտ կբնակվեմ, ում մոտ կմատնանշեն Խուդաբաշովը կամ Աքիմովը: Նաև հավատացնում եմ Ձեզ, որ մենակ չեմ բնակվի։ Նախ որ թանկ կնստի և երկրորդ էլ այն, որ սենյակս ուսանողների խոսակցության վայր կդառնա: