Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրիկ ջան, Դուք լավ եղեք, թե չէ, աստված վկա, որքան հնարավոր է, կաշխատեմ և լավ անուն կվաստակեմ։ Մեր պրոֆեսորներին իրավունք չի վերապահված, որ ուսանողները նրանց մոտ բնակվեն, և ես կաշխատեմ գիմնազիայի դասատուի մոտ մնալու։ Դասատուի մոտ նրա համար եմ ուզում մնալ, որ խոսակցության մեջ լեզուս վարժվի ու որևէ բան սովորեմ: Խիկար իմաստունը ասել է. «Լավ է քար կրել ընդ իմաստունս», շարունակությունն էլ Դուք իմացեք, տեր-Օհանեսը կլրացնի. ա՛խ, ա՛խ, ու ա՛խ։ Ուր էր այս խելքս Ջրպետի ժամանակ:

Իսկապես, ինչ պիտի ասեմ. Դուք չգիտեք, որ այն գիտելիքները, որ Ջրպետն էր ուսումնասիրել, ես էլ նույնն եմ ուսումնասիրում: Ուրեմն, նա էլ օրիենտալիստ է եղել, ու ես էլ օրիենտալիստ եմ, սակայն քանի աստիճան պիտի բարձրանալ, որ նրա գիտությանը հասնեմ։ Աստված ողորմած է, մայրիկ ջան, հոգուդ մատաղ, ոչ մի բանի համար մի վշտանա. Ձեզանից որ տխուր նամակ եմ ստանում, երազում անգամ անհանգիստ եմ և երբ լավ նամակներ եմ ստանում, ուրախությունից անվերջ թռչկոտում եմ։ Ձեր հոգուն մատաղ, լավ եղեք և Միքայելին ու Հռիփսիմեին լավ պահեք: Արևս վկա, ես նույնպես լավ եմ:

Ձեր խոնարհ որդի` Գաբրիել Սունդուկով

<Հ. Գ. 1>

Իմ ընկերները բարևներ են հաղորդում, Ծինամձղվարովը առավել ևս, Ճավճավաձեից շնորհակալ եղեք ավելի շատ:

Մայրիկ ջան, մրգի համար մի անհանգստանա: Հիմա այստեղ այնպիսի մրգեր են վաճառում, որ այդտեղ դեռ հուլիսին չեն հասնում: Մի ամսից ավելի է, որ բալ են վաճառում, հատը ընկուզի չափ։ Երեկ չէ առաջին օրը Նևսկի պրոսպեկտով անցա և տեսա ծիրան, դամբուլ, սպիտակ և կարմիր սալոր, խաղողի նոր պոկած ողկույզներ` բուդեշուրի, Գանձակի և ինչպիսին ուզում եք, աճեցնում են այստեղի ջերմոցներում։ Արևս վկա, ճիշտ եմ ասում։ Սակայն գինն էլ չեմ հարցրել, մրգեղեն չեմ սիրում։

<Հ. Գ. 2>

Իբր թե դեռ բաղնիքում էի և այնտեղից որ գալիս էի դեպի շտեմարանը` ասում էի Ղաղոյին. «Ղաղո, երեք բան խնդրեցի և չուղարկեցիք (չգիտեմ, այդ ինչ երեք բան էր, բայց մի բան հաստատ հիշում եմ, որ թառի մասին էի ասում), հետո Ղաղոն ինձ ասաց. «հիշտ, հիշտ խոսում իս, այ էստուր վից մանեթ իմ տվի», և ոչ էլ այն եմ հիշում, թե ինչ էր։ Այնտեղից հետո իմ սենյակը մտա, ինչպես որ վերևը գրված է։