Այնուհետև, մայրիկ ջան, գրում եք, թե շոգեքարշի մեջ (կրակե մեքենայի) մի նստիր, վախենալու է։ Իսկապես որ լսածը տեսածի նման չի լինի։ Կրակե մեքենա են կոչում, դրա համար էլ Ձեզ սարսափելի է թվում։ Այդ դեպքում կառք էլ մի նստեք, որովհետև ձին եթե խրտնի, հավատացեք, որ կառքը սարսափելի է, քան շոգեքարշը։ Թե որ ձին սանձը պոկեց, նրան այլևս չեն կարող պահել, մինչդեռ շոգեքարշի վարպետը երբ մի կողմն է պտտում ձեռքը, գոլորշին ուժ կտա, արագ կերթա, մյուս կողմը կպտտի` կանգ կառնի։ Եվ մեկ էլ այն, որ շոգեքարշում ոչ ոք չի նստում։ Շոգեքարշին կպած են կառքեր և մարդիկ այդ կառքերի մեջ են նստած։ Եթե շոգեքարշին մի բան պատահի, այնպես է կառուցված, որ մի վայրկյանում կառքերը կպոկվեն մեքենայից, կառքերը կկանգնեն, իսկ մեքենան թեկուզ ջհանդամը գնա։ Բայց եթե կառքի ձին կատաղի, ոչ մի կերպ չես կարող կառքը ձիուց բաժանել։ Մայրիկ ջան, ես որ այսպիսի բաների մասին գրեմ Ձեզ, Դուք զարմացեք և ոչ թե վշտացեք։ Անցյալ հինգշաբթի էլ (հուլիսի 31-ին) Պավլովսկ էի գնացել նորից այն մեքենայով, սակայն այնպիսի կառք էի նստել, ուր 126 մարդ կար: Զարմանալի է, հավատացեք ինձ, ահագին դահլիճ է և չորս անիվների վրա է։ Այն մեքենային այս տեսակ մի կառք է կպած, իսկ մյուսներն ավելի փոքր են, բայց այնքան փոքր, որ յուրաքանչյուրում 32 մարդ է նստում։ Այն օրը Պավլովսկում կեռաս, թութ կար (դե, Հռիփսիմե, հա՜,հա՜,հա՜,հա՜,)։ Բեբութովն ինձ ասաց, թե դու գնա, ես էլ կգնամ, դրա համար էլ գնացի։ Ճավճավաձեն, Սարաջովը և ես միասին էինք և այնտեղ Բեբութովին հանդիպեցի։
Այնուհետև, մայրիկ ջան, Բեբութովի որդու մասին եք գրում, որ մոտ ծանոթանամ։ Մայրիկ ջան, ի՞նչ ասեմ, շատ լավ բարեկամներ ենք իրար հետ և դժվար թե այնպիսի օր լինի, որ իրար չտեսնենք։ Միմյանց շատ, ենք սիրում. Բեբութովն ասում է ինձ, թե իմ առաջին բարեկամը դու ես։ Բայց, մայրիկ ջան, այս բաների մասին այդտեղ վարպետին մի ասի, որպեսզի այստեղ սրան չգրեն և հետո սա էլ չասի, թե ինչ երեխայական նամակներ ես գրում այնտեղ։ Միայն վարպետին այս ասեք, թե իմ որդին նրանից շնորհակալ է և իմ փոխարեն ձեռքը համբուրեք։
Մայրիկ ջան, այն էլ եք գրում, որ ես Ձեր խրատներից չնեղանամ: Մայրիկ ջան, ոչ թե նեղանում, այլ ավելի ու ավելի եք ինձ համոզում Ձեր սիրո մեջ։ Ես լավ գիտեմ, որ Դուք այս իմ բարօրության համար եք ասում և ոչ թե վիրավորվում եմ Ձեր խորհուրդներից, այլ շնորհակալությունս եմ հայտ<նում>...