Մայրիկ ջան, ստացա Ձեր այս ամսվա 10-ի նամակը և նույնպես մեկ թուման: Մայրիկ ջան, և՛ փող եք ուղարկում, և՛ գրում եք, թե այս ու այն կարիքն ունեք՝ ու ես չմտածեմ։ Ա՜խ, մայրիկ ջան, մի ասեք, թե մտածելով ի՞նչ կօգնեմ. իմ օգնությունն այն կլինի, որ այս երկու և կես տարում դասընթացը ավարտեմ ու գամ։
Մայրիկ ջան, ես լավ եմ հասկանում Ձեր վիճակը, ես գիտեմ, որ դուք շատ բան եք պակասեցնում Ձեզ, իսկ ինձ ոչինչ չեք խնայում, ես գիտեմ... բայց ի՞նչ անեմ, մայրիկ ջան, ինչպես էլ լինի, այս երկու և կես տարին յոլա տարեք և աստված ողորմած է. հույս ունեմ աստծուց, որ Դուք կասեք, թե փառք աստծու, իմ խնամքը Գաբրիելի նկատմամբ չկորավ։
Միքայելն էլ լավ մարդ դուրս կգա. իմացեք, որ ով իր գործին ուշադիր է, նրան աստված չի կորցնի։ Գոհություն աստծո, որ այն փորձանքից այնպես ազատվել է։ Նզովված Միրզոևը չի՞ ամաչում, որ այդպիսի գործեր է անել տալիս, մի՞թե Միքայելի հետ էլ այնպես պետք է վարվի, ինչպես ուրիշների. աստծու ամոթանքը նրան, ամոթ նրան... Ահա մայրիկ ջան, այդ են մեր հայերը: Ա՜խ, սիրտս շատ բանով է լիքը, բայց ում ի՞նչ ճար կանեմ։ Ժամանակը ամենից լավ դեղն է, գուցե թե մի օր էլ գա այն ժամանակը, երբ այդտեղի ժողովուրդը ժողովրդի անուն ստանա, թե չէ դրանք մարդի՞կ են. միայն անուն ունեն մարդու, իսկ սիրտն ու միտքը վագրի է և չէ թե մարդու Օրինակ, որ մեկը դուրս կգա այդտեղի հաստափորներից, որ տեսնի ուրիշին կարիքի մեջ ու օգնի, իսկույն կասի, տո, նա իմ բիձա չէ ու բիձու վուրթի, ՝ես ինչ բան ունիմ։ Մի՞թե ավետարանը այս է սովորեցնում, է՛հ, մայրիկ ջան, ինչ գրեմ, տաս թարախ թուղթն էլ հերիք չէ, կամ ինձ ով կլսի, կասեն «խիլքեն էշի Է: Նորից եմ ասում, գուցե ժամանակը ուղղի։
Մայրիկ ջան, երեկ Ռեյի մոտ էի թեյի, շատ խնդրեց, որ այդտեղի ղանաուզի և մովի նմուշներ Ձեզ հանձնարարեմ և այդ պատճառով էլ, մայրիկ ջան, խնդրում եմ, որ մի քանի ղանաուզի և մովի նմուշներ ուղարկեք հենց այս նամակիս պատասխանում, ոչ շատ պայծառ գույնի, ոչ էլ շատ մուգ, մանր վանդակավոր և նեղ գծավոր։ Ինքը Ռեյն ասաց, որ սրանք Գաալամքարովի ու Ղուբալովի խանութներում կգտնվեն ։ Գինն էլ ճիշտ ու մանրամասն կգրեք։ Ինքը թեև ասաց, որ արշինը տասը շայիով է գնել։ Եթե Ղալամքարովին ասեք նրա անունը, նա գիտի, թե ինքը ինչ գույն է սիրում։ Հոգուդ մատաղ, մայրիկ ջան, կատարեցեք այս խնդիրքը, որ այդ մարդու մոտ չամաչեմ. աշխարհը մեկը մյուսով է. ո՞վ գիտե, ինչպես պետք