Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/185

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Հույս ունեմ, որ մինչև երկուշաբթի կստանամ, սակայն եթե տասնը հինգ օրն էլ լրանա և չստանամ` շատ կբարկացնեք: Եթե ինձ եք նայում, մայրիկ ջան, իմ գործն էլ այլ է. այժմ բոլոր երկուշաբթի և ուրբաթ առավոտները չորսական դասախոսություն ունեմ և երբ ժամանակ եմ ունենում, ձեզ համար երկու-երեք ժամ չեմ ափսոսում, ձեզ մատաղ, մայրիկ ջան, աշխատեք տասնը հինգ օրից այն կողմ չանցկացնեք:

Այնուհետև մայրիկ ջան, այսօր Քրիստափորից նամակ ստացա, ինչպես նաև մեկ թուման, դրանով ես նրանցից եկու թուման եմ ստացել: Այսպիսով ստացվում է, որ մեկ թուման օգոստոսի և մեկ թուման էլ այս ամսվա համար է. հապա սեպտեմբերինը ո՞ւմից պահանջեմ: Մայրիկ ջան, ես լավ գիտեմ, որ կմտածեք, թե ինչ պարտք ունեմ, որ ամեն ամիս մեկ թուման ուղարկեմ կամ ի՞նչու երախտապարտ չես, որ բոլորովին անփող չեմ թողնում: Այդ ճիշտ է, մայրիկ ջան, սակայն պատկերացրեք և իմ դրությունը. ահա սապոգներ են պետք, գլխարկ է պետք, ձեռնոցներ են պետք, նոր մունդիր է պետք, ո՞րտեղ են դրանք: Մունդիրի պատճառով երեք ամիս է Լազարևների մոտ չեմ գնացել: Սակայն չկարծեք, մայրիկ ջան, որ այս ամենը գրում եմ նրա համար, որ դուք ձեզ պակասեցնեք և ինձ ուղարկեք: Աստված մի արասցե, որ ես ձեր ներողությանը ցանկանամ. գոհություն աստծո, հո անտուն ու քաղցած չե՞մ: Եվ քանի-քանի ինձ նման աստծո արարածները քաղցի ու անօթևանության պատճառով ինչպիսի նեղության մեջ են : Ես հո այդպես չեմ և ո՞նց լինի, որ իմ այս վիչակով յոլա չգնամ: Շատը գնաց, քիչը մնաց, դրան էլ աստված ողորմած է: Սակայն չգիտեմ, թե իմ շինելին ինչ չար հրեշտակ է հետապնդում: Գիմնազիայում գողացան, բայց այստեղ ես իմ ձեռքով գողին տվեցի: Մի շատ ծիծաղելի պատմություն է:

Ինչպես ձեզ հայտնի է, երկու շինելի փոխարեն մեկն ունեի. ձմեռը ձմռան աստառ էի դնել տալիս, ամառը` ամառային: Մոտ երեք շաբաթ կլինի, իմ դերձակի աշակերտը եկավ մեզ մոտ և Ճավճավաձեից փող էր ուզում, թե վարպետս պահանջում է: Ես որ նրան տեսա, ասացի. «Տար իմ շինելը և վարպետին ասա, որ ձմեռվա համար պատրաստի և շուտով բեր»: Այն էլ պիտի ասեմ, որ այս աշակերտը իմ շինելը շատ անգամ է տարել ու ետ բերել: Մի շաբաթ անցավ տեսա շինելը չի բերում: Վերջը ես ինքս գնացի դերձակի մոտ և այն ժամանակ միայն տեղեկացա, որ մեկ ամիս է ինչ աշակերտը փախել է և այդ ձևով բոլորից գողություն է կատարել: Ծիծաղս եկավ