Պետերբուրգ, 1849-ի հունիսի 3-ին
Սիրելի մայրիկ ջան,
Մայիսի 9-ից մինչև հիմա ոչինչ չեմ գրել, գուցե ինձ կշտամբում էիք կամ ինքներդ էիք վշտանում, սակայն, մայրիկ ջան, հո գիտե՞ք, որ քննություններ պիտի ունենայինք։ Այսօր էլ ներողամիտ եղեք, որ այսքան քիչ եմ գրում, այսօրվա համար այլևս ժամանակ չմնաց, սակայն այս նրա համար եմ գրում, որ Ձեզ հայտնեմ, թե այսօր տասերորդ և վերջին քննություններն ավարտեցինք և բոլորս էլ շատ հաջող տվինք և թեպետ խորհուրդը` հաջորդ շաբաթ պիտի լինի, բայց համոզված եղեք, մայրիկ ջան, որ բոլորս էլ չորրորդ կուրսումն ենք։ Խորհրդից մեզ ի՞նչ օգուտ. խորհուրդը նրանց համար է, ով քննություններից իրեն համար լավ բան չի սպասում։ ճիշտ որ, մայրիկ ջան, այս մեկ ամսվա րնթացքում ինչ օր որ ես եմ անցկացրել, դժվարությամբ կարող եմ նկարագրել, սակայն գոհություն աստծո, ոչ իմ ազգն ամոթով թողի, ոչ էլ իմ անձը։
Այժմ մնաք բարով, մայրիկ ջան, մյուս նամակը շուտով կգրեմ. փոստի ժամանակից մի ժամ արդեն անցել է և հիմա այս նամակը մաքս վճարելով պիտի ընդունել տամ։ Մնաք բարով, մայրիկ ջան, շուտով կգրեմ։ Ձեզ մատաղ, մայրիկ ջան, ոչ մի բանի մասին մի մտածեք, ուրախ եղեք և այս մի տարին էլ համբերեք։ Սրանից հետո, մայրիկ ջան, ես ինձանից հույս ունեմ, որ Ձեզ համար լավ զավակ լինեմ։
Սիրով համբուրեք Միքայելին, Հռիփսիմեին, Վարինկին ...
<Հ. Գ.> Մայրիկ ջան, այս տեղը համբուրեցի և եթե ինձ սիրում եք, Դուք էլ Ձեր աջ ձեռքը ինձ մեկնեք։