Մայրիկ ջան, Դուք հո գիտե՞ք, ինչ բան է մտածմունքը։ Իսկ այժմ կարդում եմ, թե քո նամակին էի սպասում, որ պատասխանը գրեի։ Մայրիկ ջան, ի՞նչ նամակի պատասխան։ Մեր նամակագրությունը առևտրի պատճառով հո չէ , որ ասենք, թե սպասեմ, տեսնեմ ինչ ապրանք է խնդրել, որ այն ուղարկեմ։ Մայրիկ ջան, Ձեզ մատաղ, այլևս այսպես մի վարվեք։ Դուք տաս կամ տասնհինգ օրը մեկ անպայման ինձ գրեք, իսկ եթե ես երբեմն նամակն ուշացնեմ, իմ մասին չմտածեք, բայց ինչքան էլ ուշացնեմ, հինգ փոստից չեմ անցնի:
Մայրիկ ջան, Ձեր այս նամակի հետ երեք թուման էլ ստացա։ Ստացա նաև ապրիլի 11-ին ուղարկած երկու թումանը։ Նմանապես ստացա մեծ պասին Ձեր ուղարկած երկու շապիկը։ Էլ չեմ հիշում, թե անցյալ կամ նախանցյալ տարի մանր-մունր ինչեր եմ ստացել, թե չէ, կգրեմ, թե այն էլ ստացա։ Մայրիկ ջան, շապիկների և նմանապես երկու թումանի վերաբերյալ առաջ գրեցի Զեզ։ Չգիտեմ, նամակներս չեք ստանո՞ւմ, թե՞ իմ մեկ անգամ գրելը բավական չէ Ձեզ հավատացնելու համար։ Մայրիկ ջան, չկարծեք, թե կշտամբում եմ, այս ձևով նրա համար գրեցի, որ մի փոքր ծիծաղեք:
Մայրիկ ջան, սրանից առաջ (հունիսի 3-ին) Ձեզ հաղորդել էի, թե քննություններն ավարտեցինք և այժմ բոլորս էլ չորրորդ կուրսումն ենք: Մայրիկ ջան, հենց նույն օրը, երբ Ձեր նամակը ստացա, Ավստրիայից Բրիստափորից ևս նամակներ և տասնմեկ ռուբլի ստացա, ուստի խնդրում եմ, որ տասնմեկ ռուբլին իմ ռոճիկից տաք մեծ ձալոյին։ ճիշտ է, Սրիստափորը գրում է, թե այդ մեկ ռուբլին փոստի ծախսն է, սակայն, խնդրում եմ, մայրիկ ջան, որ տասնմեկ ռուբլի տաք։ Այս նամակներից մեկը ձալոյի անունով է, որ ուղարկում եմ Ձեզ և խնդրում, որ տասնմեկ ռուբլու հետ միասին, հանձնեք, մյուսը Սոլոմանի անունով էր, որ այս ամսի 7֊ին ուղարկեցի իրեն` Խարկով։ Նաև Քրիստափորի պատասխանն էլ այս ամսի 7-ին գրեցի իրեն` արտասահման։ Կարող է պատահել, որ նա պատերազմ գնա: Թող աստված նրա բազկին հաջողություն տա։
Այնուհետև, մայրիկ ջան, Սոլոմոն Շոլկովը և Յագոր Ցագորիչ Սարանա սովն այստեղ էին մի շաբաթով և երեկ չէ առաջին օրը գնացին Մոսկվա։ Մի անգամ ճաշի եղա նրանց մոտ և մի երկու անգամ ընթրիքի։ Առաջինը բարև հաղորդեց Ձեզ, իսկ մյուսը փեսային:
(Մինչև այստեղ կիրակի օրը գրեցի)։
(Երկուշաբթի):