Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/21

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոսկվա, 1846 թվի օգոստոսի 19-ին, երկուշաբթի. N 7, որովհետև կարծեմ երկու անգամ համար հինգ եմ գրել:

Ամենասիրելի և ամենաթանկագին մայրիկ ջան

Գոհություն աստծո, որ Ձեր նամակն ստացա և տեղեկացա, որ բոլորդ էլ ողջ և առողջ եք։ Մայրիկ ջան, հուլիսի 16֊ին Ձեզ և Ձեր ձեռքերն էի համբուրում, իսկ օգոստոսի 16֊ին` Ձեր ձեոագիրն եմ համբուրում։ Մայրիկ ջան. Դուք մտածեցեք, թե ի՞նչ կլիներ իմ վիճակը (ինչպես մի ամսվա ծարաված մարդը հանդիպի անմահական աղբյուրի, և այն էլ ոչ թե մեկ կամ երկուսի, այլ բազմաթիվ միաժամանակ), երբ ստացա Զեր նամակները։


Ձեր արևը, ուրախությունից չգիտեի, թե որտեղ եմ կամ ինչ ճանապարհով եմ գնում դեպի Լազարյան ինստիտուտ` նամակներ ստանալու։ Ճանապարհին մտածում էի, արդյոք ինձ համար նամակներ են ստացվել, թե՞ երազի մեջ եմ։ Եվ ամենից շատ ի՞նչը զարմացրեց։ Երբ տեսա մի նամակի փոխարեն ստացվել էին յոթը միաժամանակ` Ձեզանից, իմ Հռիփսիմեից և Միքայելից, ինչպես նաև Սողոմոնից և Ստեփանից։ Գոհություն աստծո, որ տերը արժանացրեց կարդալ Ձեր նամակները և իմանալ Ձեր որպիսությունը։ Այժմ արդեն ես ոչ մի մտահոգություն չունեմ։

Այժմ իրոք որ Մոսկվայումն եմ, որովհետև այսպիսի քաղաքում, քանի Ձեզանից տեղեկություն չունեի, ամեն ինչ ինձ վշտացնում էր։ Ի՞նչ էլ որ տեսնում էի, մտածում էի, թե ես այսպիսի տեղում նման բաներ եմ տեսնում, մինչդեռ ո՜վ գիտի, թե մայրս կամ մերոնք ի՞նչ դրության մեջ են։ Սակայն, մայրիկ ջան, հենց որ իմացա Ձեր որպիսությունը, ինձ այնպես թվաց, թե նոր միայն տեսա Մոսկվան։ Ձեր հոգուն մատաղ, մայրիկ ջան, իմ մասին ամենևին չմտածեք, շնորհակալություն հայտնեք աստծուն, որ արժանացրեց ինձ տեսնել Մոսկվան, որ տեսել է հայրս: Շնորհակալություն հայտնեք աստծուն, որ այդ խավար վայրից ինձ այս լուսավոր վայրն ուղարկեցիք և կատարեցիք հորս կտակը։ Հայրս ցանկանում էր իմ այս` կողմը գալը, և աստված ի կատար ածեց նրա խոսքը։ Մայրիկ ջան, ո՞րտեղ եմ, Մոսկվայո՞ւմ, թե՜ երազում։ Հավատացեք, որ չեմ հավատում, իրականո՞ւմ եմ տեսնում այս բոլորը, թե երազում։ Ահա սա է իսկական քաղաքը, սա այն քաղաքն է, որը արժանի է իր անվանը ցամաքով և ծովով ծածկված աշխարհում։ Օ՜հ... իրոք որ Մոսկվա։