Այնուհետև Ուսպենսկու տաճարի կողքին գտնվող մի եկեղեցի մտանք, ուր թաղված են ռուսական բոլոր թագավորները: Բոլորի վրա դագաղներ են դրված, չգիտեմ երկաթե, թե քարե, որովհետև բոլորի վրա կարմիր մահուդ է փռված և վրան գրված է բոլորի անունները: Այնուհետև տեսա մի մեծ զանգ, որը դրված է տաշած քարի վրա: Դա իր ծանրությամբ ամբողջ զանգակատունը հողի մեջ է տարել: Հարյուր տարի հողի տակ է եղել, և այժմ Նիկոլայ Պավլովիչի օրոք մեքենաներով գետնից հանել են և հանելիս, կամ գուցե դրանից ավելի շուտ, ահագին կտոր է պոկվել և ընկած է կողքին։ Այնքան մեծ է այս զանգը, որ մեջը քառասուն մարդ հեշտությամբ կնստեն կողք-կողքի։ Սրա մոտ գտնվում է պետական խորհրդարանը, կառուցվում է նաև մեկ ուրիշը։ Սրանց առջև շարված ես թնդանոթներ, որոնք խլված են այլևայլ թագավորներից, և մեկն էլ մի այնպիսի ռուսական թնդանոթ է, որի փողի մեջ երեխաները հեշտությամբ կարող են խաղալ։ Այնուհետև բարձրացանք Իվանի զանգակատունը, որի սանդուղքի աստիճանները հաշվեցի` երկու հարյուր երեսուն էր։ Պատկերացրեք, թե ի՜նչ բարձր բան է։ Հենց այստեղից էլ տեսա ամբողջ Մոսկվան։ Այստեղից ինչպե՞ս է երևում Մոսկվան։ Թվում է, թե երազ եք տեսնում, երանի՜ ինչքան տներ են, երանի՜ ինչքան եկեղեցու գմբեթներ ու խաչեր են երևում։ Որքան տուն, համարյա այդքան էլ եկեղեցի է երևում։ Այն ամենը, մայրիկ ջան, ինչ որ քիչ առաջ թվեցի, Սուխարևի աշտարակից և թատրոնից բացի, գտնվում են պարսպապատ մի տեղում, որ կրեմլ է կոչվում։ Այս պարսպից ներս մտնողները գլխարկները պիտի հանեն, թե չէ, ասում են, ով կուզի լինի, կչոքեցնեն տիրոջ գլխարկի վրա։ Այս պարսպի դռան գլխին աստվածածինն է, թե մի այլ սուրբ է հանգչում, որը իր զորությամբ Մոսկվան նվաճած թշնամուն թույլ չի տվել Կրեմլ մտնել, իսկ Բոնապարտը երբ թնդանոթ է արձակել, այս սրբապատկերի ապակին անվնաս է մնացել, և թնդանոթի արկը ետ է ընկել:
Այսքանը գրեցի երեկ գիշեր (շաբաթ գիշեր)։ Մայրիկ ջան, այսօր ներկա էի պատարագի, նրա բարեգործությունը լինի Ձեզ վրա։ Երբ մտա, «Խորհուրդ խորին» Էին երգում, և մինչև պատարագը չվերջացավ, դուրս չեկա: Մի տաս կոպեկանոց պատարագին տվեցի, մի շահիի մոմ վառեցի և մի շահի էլ աղքատներին բաժանեցի։ Մայրիկ ջան, խաղող օրհնելիս, հենց որ ասեցին «գինւոյ և ձիթւոյ», աչքերս արցունքով լցվեցին, իմ Ջիգրաշենը հիշեցի, իսկ երբ