Մայրիկ ջան, թե ինձ սիրում եք, նամակ մի պակասեցնեք, թե չէ շատ մտածելուց կհիվանդանամ։ Մտքումս մեկ ինչ է անցնում, մեկ ինչ։ Մեկ մտածում եմ, թե արդյոք մայրս էլ ինձ նման անհանգի՞ստ է, թե ուրախ է` նամակներիս պատճառով: Չգիտեմ, նամակներս ստանո՞ւմ եք, թե ոչ։ Մայրիկ ջան, թև ինձ սիրում եք, շաբաթը երկու անգամ շտապ փոստով նամակ գրեք ինձ[1]:
Այժմ, սիրելի և իմ հոգի ու սիրտ մայրիկ ջան, թե որ իմ դրության մասին կհարցնեք, Ձեր մասին մտահոգվելուց բացի, ես շատ լավ եմ, ոչ մի տեղս չի ցավում, այստեղի ջուրն էլ է լավ և դեռևս եղանակն էլ։ Մեր համալսարանը չափազանց լավ դիրք ունի, և ինչպես այդտեղ երազում տեսա, նույն ձևով` հենց ջրի ափին է: Միայն թե, մայրիկ ջան, այստեղ ինձ փող շատ է անհրաժեշտ. ես Ձեզ հայտնել էի, որ այս երեք թումանը չորս տարի բավական է, սակայն երդվում եմ աստծով, որ այս առաջին տարին միմիայն համալսարանի համար ինձ հարկավոր է տասնչորս թուման։ Պետական է միայն բնակարանը, ճաշը, անկողինը և վարսավիրը, մնացածը ամբողջապես իմ հաշվին է։ Վեց թե յոթ թուման միմիայն ձմեռվա շինելի համար են ուզում։ Այնուհետև սերթուկ, սապոգ, կրկնակոշիկ, համազգեստ, սանր, օճառ, խոզանակ, ձեռնոցներ, թուղթ, հատկապես փոստի թուղթ, որ թանկ է, փոստի դրամ, ամսական գոնե երկու անգամ պետք է թատրոն գնալ և բոլոր այն մանրմունր ծախսերը, որոնց մասին Դուք այստեղ կարող եք տեղեկանալ։ Ճիշտ է, սերթուկը կամ համազգեստը պետական է, սակայն այստեղ ամենահետին ուսանողը լայեղ չի անում, որ հագնի: Բացի դրանից, օրվա ընթացքում ճաշից բացի ոչինչ չեն տալիս, երեկոյան թեյին հաց չեն տալիս, այս ամենը հաշիվ է։
Բայց չեք հավատա, մայրիկ ջան, ես, որ միրգ այնքան սիրում եմ, մինչև հիմա դեռ ոչինչ չեմ գնել` ո՛չ խնձոր, ո՛չ սալոր. ինչ անեմ, որ ամեն ինչ թանկ է այս քաղաքում, բացի մարդու խելքից։ Այստեղ միրգն այնպես են ծախում և խանութներում այն ձևով են դասավորում, ինչպես այդտեղի կիտրոնը կամ որևէ ավելի թանկ բան: Այս տասնհինգ թումանից բացի տարեկան ևս տասնհինգ թուման ինչպես կարող եք ինձանից խնայել, որ կամ դաշնամուր, կամ պարել սովորեմ։ Քանի որ եկել եմ այստեղ, ցանկանում եմ
- ↑ Եվ այստեղի լուրերից ինչ ցանկանում եք, հարցրեք, ամեն ինչի մասին Ձեզ կգրեմ առանց ձանձրանալու