Պետերբուրգ, 1847 թվի ապրիլի 25-ին, ուրբաթ
Իմ հոգի ու սիրտ մայրիկ ջան.
Ապրիլի 7֊ի գրած Ձեր նամակն ստացա այս ամսի 21-ին, բայց շատ տխրեցի, որ Դուք այդքան անհանգստացել եք իմ նամակի պատճառով։ Մայրիկ ջան, ես շատ մեղավոր եմ, որ նման նամակ գրեցի Ձեզ: Ես այժմ ոչ այլ ֆակուլտետ տեղափոխվող եմ և ոչ էլ պետական ծախսից հրաժարվող: Սրանից առաջ գրած նամակումս Ձեզ հայտնել էի պատճառները։ Դուք իմ մասին մի մտածեք։ Ես խոսեցի խելահաս մարդկանց հետ և սիրտս այնպես կպավ այս ֆակուլտետին, երդվում եմ աստծով, որ եթե իրենք խնդրեն, ուրիշ ֆակուլտետ չեմ համաձայնի։ Մայրիկ ջան, Ձեզանից միայն այն եմ խնդրում, որ Դուք լավ լինեք, իմ Միքայելին և Հռիփսիմեին լավ պահեք և թող նրանք էլ Ձեզ չբարկացնեն։ Հավատացեք, որ սրանից բացի ես վիշտ չունեմ, լավ էլ ուտում եմ, խմում եմ, լավ էլ քնում եմ, լավ էլ սովորում եմ, ամեն ինչ լավ։
Մայրիկ ջան, Դուք նախկինում գրել էիք, թե շապիկներ կուղարկեմ. մի անհանգստանաք, մայրիկ ջան, դեռ բոլորը նոր են, իսկ չորս հատը` ամենևին չգործածված։ Ժամացույցի համար ես Ձեզանից փող էի խնդրել, ոչ էլ այն է պետք, ես հանաքով էի գրել։ Կամ գուցե Դուք կարծում եք, թե ինչ որ ես ծախսում եմ, ամբողջապես զվարճալիքներին և քեֆերին եմ տալիս։ Մայրիկ ջան, չեք հավատա որ բարեկենդանից մինչև հիմա ամենևին թատրոն չեմ գնացել։ Սակայն զատկի օրերին, լավ չեմ հիշում, երեք աբասի, թե երեք աբասի և տաս կոպեկանոց ինչ֊որ մի բան տեսնելու համար ծախսեցի։
Իմ խնդիրն այն է, որ Միքայելն ինձ ուղարկի թառը, որ իրեն խնդրել էի և ամսական էլ մեկ թուման փող, ուրիշ ոչնչից ոչինչ չեմ ուղում, աստված է վկա, որ ճշմարիտ սրտով եմ ասում։ Եվ մեկ էլ այն է իմ խնդիրը, որ շաբաթական մի նամակի արժանացնեք և յուրաքանչյուր նամակում անպակաս լինի Ձեր, Միքայելի և Հռիփսիմեի ձեռքը։ Այս է իմ ամբողջ պայմանը Ձեզ հետ։ Չգիտեմ, թե ինչու Միքայելը այս նամակում իր ձեռագրին չարժանացրեց. ի՞նչպես կարող էր պատահել, որ գոնե երկու տառ գրելու ժամանակ չունենար. կամ գուցե բարկացած էր՛ հավատացեք, որ չեմ հասկանում։
<Հ. Գ. 1> Մայրիկ ջան, այժմ ես Ձեզ կհաղորղեմ այստեղի մի լավ սովորության նկարագրությունը, սակայն մանրամասնաբար չեմ կարող