Jump to content

Էջ:Gabriel Sundukian, Collected works, vol. 4 (Գաբրիել Սունդուկյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4-րդ).djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մայրիկ ջան, գրում եք, որ քրոջդ մասին չպիտի մտածես, որ... այդ պատճառով էլ խնդրում եմ, որ բան չխնայեք իմ Հռիփսիմեի համար։ Արևովս եմ երդվում, որ ինչպիսի կարողություն էլ ունենամ, ամբողջը Հռիփսիմեի համար կփչացնեմ և Հռիփսիմեիս լավ տեղ կտամ։ Նորից եմ խնդրում, մայրիկ ջան, որ Հռիփսիմեին բախտավորացնեք:

Մայրիկ ջան, գրում եք, թե չանհանգստանաս, որ մեր չունևորության մասին այսքան անգամ գրում եմ քեզ: Մի՞թե նման խոսքեր գրելու տեղն է: Դուք լավ գիտեք, որ սիրտը սրտի դեղ է: Այդպիսի բաների մասին որ գրեք, Դուք ևս կհանգստանաք, իսկ որ ես էլ գրեմ, դրանով սիրտս կհանգստացնեմ։

Քննություններից հետո կուղարկեմ նկարս և Հռիփսիմեի ձեռնոցները։

Այժմ մի քանի խոսք կգրեմ քննությունների մասին, բայց, եթե ինձ սիրում եք, գրած խոսքերս տնից դուրս չգնան, որովհետև եթե մեծն իմանա, կասի` ինչ երեխայություն է անում, իսկ եթե փոքրը` կասի` ինչ է փքվում։ Սակայն ով հարցնելու լինի, ասեք, թե քննությունները լավ է տվել: Ես նրա համար եմ գրում, որ գիտեմ Ձեր բնավորությունը, կնստեք Դուք և Յագորը ու կխոսեք:

Մայրիկ ջան, հոգաբարձուն իմ նկատմամբ այնքան հոգատար է, ինչպես այդտեղ դիրեկտորը։ Մայիսի 6-ին (հենց որ վրացերենի քննությունը վերջացրինք, որտեղ բոլորս էլ 5 ստացանք), արաբերենի քննությանը մտավ հոգաբարձուն։ Նայեց ինձ և կանչեց: Շատ լավ տվի քննությունս և դարձյալ 5 ստացա: Եվ հենց որ վերջացրի` հոգաբարձուն գնաց։ Հետո ընկերներս տվին քննությունը և բոլորն էլ 5 ստացան:

Երեկ (շաբաթ) ռուսաց լեզվի քննությունն էր և մինչև հոգաբարձուի գալը մեզ գրավոր աշխատանք տվեցին (սոչինենիա)։ Հենց որ հոգաբարձուն եկավ` ես ներկայացրի աշխատանքս և հոգաբարձուն հրամայեց, որ գրածս կարդամ։ Երբ սկսեցի կարդալը` պրոֆեսորներից մեկն ինձ հարց տվեց, թե ի՞նչ գաղափար եք արծարծել այդ գրվածքում (Ձեզ պիտի ասեմ, որ ռուսերենից մենք երկու պրոֆեսոր ունենք և հարց տվողը կրտսեր պրոֆեսորն էր), այն ժամանակ հոգաբարձուն գոչեց, թե սպասեք, մի խանգարեք կարդալը: Ճիշտ որ սպանելու արժանի էր նա։ Ինքը իր գիտությունն էր ուզում ցույց տալ, մինչդեռ իմ մասին չէր հարցնում, թե ինչ քրտինք էր վրայից թափվում։ Երբ վերջացրի, հոգաբարձուն բացականչեց. «Բռա՜վո, բռա՜վո, բռա՜վո» (ֆրանսերեն, կեցցե կնշանակե)։ Հետո