Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/89

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պատարագն ավարտելուց հետո եկեղեցուց դուրս եկան տերտերն ու տիրացուները՝ խաչով, խաչվառով, և դուրսը կատարեցին խաղողի օրհնությունը։

Այս ընդարձակ տեղը, պարզ երկնքի կամարի տակ, կարելի էր տեսնել այժմ բազմաթիվ հոգիք, ամենքն էլ, որքան կարելի էր նրանց, մաքուր հագնված։ Առջևը կանգնած էին տղամարդիկ, իսկ նրանց քամակին կանայք, որոնք իրանց տեսակ-տեսակ հագուստովը հովիտի ծաղկունքների էին նմանում։ Բոլոր գյուղացիք, գաղթական ժողովուրդ լինելով, ով գիտե, ո՛ր գյուղը ո՛րտեղից եկած, ամենքն էլ պահպանել էին իրանց բուն հայրենիքի հագուստի տարազը։ Շատ կանանց բերան փաթաթած էր սպիտակ տարուբերով, երեսները զանդրուկ գցած, երեսի երկու կողմից հուլունքաշար հարսանուց կապած ճակատներին շարք, որինն արծաթե և որինը ոսկե, շարքի մեջտեղը՝ ջնաղ. կուրծքերին ու բազուկներին ձվաձև արծաթե կոճակներ. հագներին՝ որինը մինթանա, որինր դերիա և որինը Քաթիբա։ Շատերի բերանը բաց էր և գլուխը շինած վրացնակ, նշանած ու նշնելու աղջկերքը. նորահարս ու միջահաս կանայք որոշվում էին միմյանցից իրանց հագուստով։ Կային և սպիտակ հագած կանայք, շլինքներին ու բիլակներին կապած արծաթ դրամներ և կլորացրած մեղրամոմեր։ Դրանք Աստվածածնի աղախիններն էին և ասվում էին «խաշի ղուլ», այսինքն սուրբի գերի։ Տղամարդիկ հագուստի կողմանե շատ նման էին միմյանց, միևնույն ձևի դաշույնը կապած ունեին ամենքը և միևնույն ձևի տրեխները հագած բոլորը…

Բայց էլի մի կողմից անընդհատ գալիս էին նոր-նոր ուխտավորներ, որը մի աքաղաղ՝ ոտերը կապած՝ ձեռին, ո՛րը մի քանի ջուխտ տանը ոլորած մոմ ձեռնափայտի վերա թելով փաթաթած, ուսին դրած կամ փափախի ղաթը խրած՝ շտապում էին դեպի եկեղեցին, ուր մտնում, վառում էին թե չէ՝ Արությունը հասնում էր իսկույն ու վառած մոմերը պոկոտում գցում ջուրը։ Շատերին դուր չէր գալիս, որ մոմերն այսպես շուտով հանգցնում էին և բարկանալով ասում էին․ — Օրհնվա՜ծ, էս ի՞նչ բան է, որ ղու անում ես, թող մի քիչ էրվի է՛․․․ — Վնաս չունի,— պատասխանում էր Արությունը, էս մոմերն էլի ժամումը պիտի էրվին, սրանց վարձքը էլի ձեր մեռելների հոգուն կերթա… Հապա ուրիշ տեղեր չե՞ք տեսել, որ ողջ առողջ