Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛, ես շիտակ եմ նստած։

— Ի՞նչ էիր ուզում ասել:

— Էն օրը Դարզանց Օսեփը մի բան հարցրեց, չիմացա թե պատասխան էի տվել, շատ ամաչեցի։

— Ի՞նչ հարցրեց:

— Հարցրեց, թե՝ «դժոխքումը քանի՞ հոգի կան», ասացի՝ չգիտեմ…

— Էդ ի՞նչ բան է, որ չես գիտացել. մի՞թե ես չեմ ասել քեզ։

— Ո՛չ, դու ինձ չես ասել, և ոչ էլ կարդացել եմ։

— Էդ ես էլ չեմ կարդացել, որդի, ամեն բան որ գրեին, ոչ թուղթ հերիք կաներ, ոչ թանաք։ Ականջ արա, ես քեզ ասեմ։ Երբ որ Քրիստոս Հոգվովն ի դժոխս իջավ, բոլոր հոգիքն ազատեց, միայն թողեց չորսը,— Կայենին, Հուդային, Սողոմոնին ու Անակին։ Գրիգոր Լուսավորիչը, որ ձեռքը Քրիստոսին տված՝ դժոխքի դռնովը դուրս էր գալիս, ետ մտիկ տվավ։ Քրիստոս իմացավ, որ Գրիգորն իր հոր համար է մտիկ տալիս.— հը՞, ասաց, մեղքդ է գալի՞ս, թող քո խաթրու դժոխքի սյունը ականջիցը հանեն, աչքումը դնեն։ Էնպես էլ արին. նա մնաց էնտեղ։ Գրիգոր Լուսավորիչը չկարաց իր հորն ազատել դժոխքիցը։ Բայց Սողոմոնն իր իմաստությունը դժոխքումն էլ բանեցրեց։ Երբ որ տեսավ, թե Քրիստոսը նրան թողեց էնտեղ, սկսեց գլուխը քաշ գցած ետ ու առաջ անցուդարձ անել դժոխքումը սաստիկ բարկացած… Սատանաները, որ Քրիստոսի ներս մտնելիս փախել էին, նրա գնալուց հետո էլ ետ թափվեցան դժոխքը. դրանք որ Սողոմոնին տեսան, մնացին զարմացած, թե սա ինչո՞ւ է մնացել այստեղ, բարի բանի համար չի լինիլ, երևի Քրիստոսի պակաս թողածը սա է ուզում լրացնել։ Հետո մոտենալով Սողոմոնին, հարցրին.— Է՜յ, ուստա Սողոմոն, էստեղ ի՞նչ էս շինում, էդ ի՞նչ ես չափում, չափչփում մտքիդ խորն ընկած։

— Ձեզ համար գերեզմանատեղ եմ չափում,— պատասխանում է Սողոմոնը,— Քրիստոս ինձ հրամայեց, որ այս դժոխքի տեղը մի մեծ տաճար շինեմ, իմ Երուսաղեմում շինած տաճարիս ձևով, այն զանազանությունով միայն, որ այս տաճարն իր հիմքի տակ պիտի ունենա մի կամարակապ խոր անդունդ, ուր պիտի ամփոփեմ ձեզ, որ այնտեղ մնաք հավիտյան և էլ լույս աշխարհ չտեսնեք։ Սատանեքն ասում են.

— Ի՞նչ ես ասում, Սողոմոն, այդ ինչ անգութ մարդ ես դու.