Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/108

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աշխարհի վերա մեզ քի՞չ տանջեցիր, հիմա էլ էստե՞ղ ես ուզում տանջել։ Ո՛չ, այդ քեզ չի հաջողվիլ, այս մեր բնակարանն է… եկե՛ք, եկե՛ք, Ուրիել, Սադայել, Դակոլել… բոլոր դևերն իմաց են տալիս մեկմեկու, հավաքվում են և Սողոմոնին ցիմ-ցիմ վեր են կալնում, դժոխքիցը հանում ու դնում դրախտի ճանապարհի վերա։ Այսպես գնաց Սողոմոնը, որ դրախտն ընկնի, ճանապարհին՝ Ձիթենյաց սարի տակով անց կենալիս՝ վերև մտիկ տվավ, տեսավ Ադամին Քրիստոսի կողքին նստած։ Սողոմոնը Ադամին որ տեսավ, ասեց՝ «Օրհնյա՜ տեր», Ադամն էլ, իր ձեռքը Քրիստոսի կուրծքին դնելով՝ ասեց՝ «Աստված օրհնե»… Քրիստոսն էլ Սողոմոնի իմաստությունը գովեց, թե՝ «Ես ինքս գիտեի, որ դու դժոխքումը կենող պտուղ չես»… Ահա էսպես, հիմա իմացա՞ր։

— Իմացա՛, իմացա… Ես հիմա երկու բան սովորեցի, մեկ՝ թե դժոխքումը քանի հոգի կան, մեկ էլ որ՝ թե «օրհնյա տերն ու աստված օրհնեն» ինչ ժամանակից է մնացել և ով է եղել դրա աոաջին ասողը… Հիմա ես ամեն բան էլ գիտեմ, մնացել են էն բաները միայն, որ գրքերումը չկան։

- Չէ որդի, էլի շատ գրքեր կան, որ դու դեռ չես տեսել… ճարտասանություն, տրամաբանություն, Սաղմոսի մեկնություն, էլի ուրիշ հազար ու մեկ մեկնություններ կան։ Ես չունիմ էդ գրքերը, թե չէ ես ինքս կսովրեցնեի։ Բայց էլ ինչի՞դ է պետք, որդի, շատ կարդալը, չես լսե՞լ, որ ասում են՝

Հաստ ու բարակն է մի գին,
Վայ գա բարակ մանողին…

Տեր Կիրակոսի աղին ճանաչո՞ւմ ես, էն խոզարածին,— ի՛նչ խոզարած, բռի արջ է։ — Մի դարտակ «և ևս խաղաղության» է սովորել, ուզում է տերտեր դառնալ։ Ինձ խնդրում են, որ գործակալին հայտնեմ, որ գնա առաջնորդին բարեխոս ըլի։ Հիմի էլ հենց նրա համար եմ գնում։ Եկան հայր ու որդի աղաչանք արին, ես էլ չկարողացա «չէ» ասել… է՜հ, իմ ինչի՞ս է հարկավոր, մեղքն օրհնողի շլնքին… Բայց ես մնացել եմ զարմացած։ Ասում եմ «եկեղեցու յոթը խորհուրդը գիտե՞ս», ասում է՝ «չէ», «շարական ասել գիտե՞ս»,— «չէ», կարդալ, գրել, Տոնացույցի մտիկ տա՞լ—«չէ»։ Օրհնվա՛ծ, ասում եմ, էլ ուրեմն դու ինչպե՞ս պետք է քահանայություն անես։— Ես ի՞նչ անեմ, ասում է, հայրս ինձ ստիպում է, թե