Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Դու սրանցից արտըս պահիր անվնաս,
Ես տերտերից չեմ խնայիլ կալամաս.
Վանականներ, գործակալներ ինչքան գան,
Բոլորեքյանք առատ բաժին կըստանան:

Կերթամ Մարաս խունկ ու մոմով, մատաղով,
Միայն արտըս դու պահպանիր ապահով։
Էլ ի՞նչ ասեմ, աստված, ինքդ լավ գիտես,
Թե ինչ պարտքի, պատուհասի մեջ եմ ես.

Գող-ավազակ մի կողմից են կողոպտում,
Պարտատերըս մյուս կողմից է ինձ խեղդում:
Դրանց ձեռքից եթե մի բան է մնում,
Այն էլ գայլի կամ ցավի է զոհ դառնում։

Մի տուն լիքը երեխեքս մերկ, քաղցած,
Տարին առատ, բայց ես չունիմ կորեկ հաց.
Հույսըս ահա ոտքիդ տակին փռած է,
Քո սուրբ աջը սըրա վըրա տարածե»։

1882

ՏԱՎԱՐԱԾԻ ՃԱՇԸ

Մի խամ տավարած,
Բավական քաղցած,
Աղբի մոտ նստած,
Ուտում էր չոր հաց։
- Ցամաք մի՛ ուտիլ,
Ասաց ընկերը:
- «Բա ինչո՞վ ուտեմ,
Ուրիշ բան չունեմ»: