Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

մեզ հիմարի տեղ են դնում կամ ոչինչ բանի տեղ չեն դնում: Առաջ իրանք գժվում, մեզ ուզում են, հետո ասում են, դուք սատանա եք, մեզ խաբեցիք: Դե արի դրանց բան հասկացրու: Միտս է, շատ անգամ որ մերս մի խելոք բան էր ասում, հերս չէր հավանում, թե՝ «կնկա մազն էրկեն կըլի, խելքը կարճ»: Կնիկն ու ձին, ասում էր, մի հանգի են, կապը որ ձեռքիցդ թողեցիր, էլ նրանից քեզ խեր չկա: Կնիկը որ կա, սատանա է, էնդուր չեն վարդապետները կնիկ ուզում: Եվան աշխարհքի տունը քանդեց, ամենքին էլ դժոխք տարավ: Կնիկ չէ՞ր, որ Օհաննես Մկրտչի գլուխը կտրել տվավ, որ մինչև հիմա էլ ոչ մի կնիկ չի կարող ս. Կարապետի եկեղեցին ներս գնալ: Մեկ օր ես իմ մարդին ասացի, ասում եմ՝ թե որ կնիկը սատանա է, մարդը հրեշտակ, բա ինչի՞ դժոխքումը ոչ մի կնիկ չկա, դիփ տղամարդիկ են: Նա մնաց սուս կացած, հետո թե՝ էդ անկարելի է, երևի լավ չեն փնտրել դժոխքի քունջ ու պուճախը, մեկ էլ թե՝ սատանեն սատանի ինչի՞ն է պետք, նրա հացը կկտրի… Ինչ որ է, հետո քու հերն ի՞նչ ասաց.

— Այ կնիկ, ասաց, էդ էր մնացե՞լ, որ դու ինձ խրատ տաս: Դու քիչ-քիչ ինձ մարդություն էլ կանես, քու լաչակը կգցես իմ գլխին, իմ փափախը կդնես քո գլխին: Էդ չէ՞ քու ուզածը: Բայց դու չես գիտում, որ ես կնկա խելքով ապրողներից չե՞մ… Հանեցեք էդ մանեթը, ետ ուղարկեցեք, թե չէ՝ էս սհաթիս երկուսիդ էլ կտոր-կտոր կանեմ»։ Հետո ինձ վերա բարկացավ, թե՝ «գիտե՞ս քեզ ինչ կանեմ, թե որ այսուհետև տանից դուրս ես եկել կամ էն տղի աչքումն երևացել, քեզ ոչ թե խանչալով, այլ սղոցով կմորթեմ: Դե՜ շո՛ւտ, հանիր էդ փողը շլնքիցդ:

«Ես մնացի սառած, սփրթնած, չիմացա թե ինչ անեմ: Մերս արտասուքն աչքերին վեր կացավ, հանեց նշանս, տվավ իրան, նա էլ տվավ տավարածին, որ տանի ետ տա: Էդ ժամանակը էլ ես չիմացա, թե ինչ ասաց մերս, մեկ էլ էն տեսա, որ գետնի վերա փռվեց: Ես քանի ջանումս ջան կար, բղավեցի ու ընկա հորս խտիտը. հերս ինձ շպրտեց, պատովը տվավ: Էլ այնուհետև ես չեմ իմացել, թե ինչ է անց կացել մեր տանը: Երեք օր անց կացած լսեցի ամեն բան: Երբ հերս ինձ պատովն է տալիս, գլուխս պատռվում է, ես մնում եմ թուլացած, վեր ընկած: Հարևանները լսում են, գալիս են տեսնում ես մի տեղ եմ վեր ընկած, մերս մի տեղ, հերս մնացել է երկուսիս մեջտեղը շվարած կանգնած… Մեր