Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էգուց քեզ կտանեմ քաղաքը ման կածեմ, ինչ կա, չկա, դիփ էլ կտեսնես:

Վեր կացավ Արությունը և մտավ ներս, ուր տեր հայրը նստած էր թախտի վերի ծայրին: Թախտի դիմաց դրված էին մի քանի հասարակ աթոռներ և մի գրասեղան: Արությունը նստեց գրասեղանի մոտ, ուր մի քանի հատոր գրքեր կային դրված: Արությունը հետաքրքրությամբ նայեց գրքերի վերնագրերին, նրանցից մեկը վերցրեց և սկսեց լուռ կարդալ: Գիրքն հասարակ բարբառով էր գրված: Առաջին անգամ պատահելով իրան բոլորովին հասկանալի բարբառով գրված մի գրքի, Արությունը չկարողացավ յուր զգացած հոգեկան զվարճությունն այնքան ծածկել, որ Օվակիմը չնկատեր:

— Արություն, ես տեսնում եմ, որ քեզ շատ գրավեց էդ գիրքը, աբա մեկ բարձր կարդա, տեսնեմ ինչպե՞ս ես կարդում:

— Ո՞ր երեսից սկսեմ,— հարցրեց Արությունը:

— Հենց է՛դ կարդա, ինչ որ կարդում էիր…

Արությունն սկսեց կարդալ հետևյալ տողերը.

«Քաղաք որ մտնում եմ, հենց իմանաս, թե աշխարհք սով ա ընկել. էլ ոչ խեր կա, ոչ բարաքյաթ: Հացն ու ջուրն էլ որ փողով ըլին ծախում ու առնում, էլ ում դուռը գնաս, ո՞ւմ ձեռդ դեմ անես: Բազի վախտ էլ տեսել եմ, որ դուքաններում կիտուկ-կիտուկ մանեթները, ոսկին ածած, ամեն մեկ փող համբրելիս էնպես գիտես, թե փողատիրոնջ հոգին հետն ա դուս գալիս, էնպես են սրթսրթում իրանց խազինի վրա, հենց իմանաս, թե առաջներիցը թև կառնի, կթռչի: Մեկ ձեռդ դեմ արա՛, շան որդի ըլիմ, ո՛չ մեկ բուռը հողի արժանանամ, թե սուտ ըլիմ ասում, աստված, երկինք, գետինք, ծով, ցամաք, մեկ ծեղ էլ չեն տալ, որ աչքդ կոխես: Թո՛ւհ, մարդ իրա հոգին պետք է ծախի, որ փողի թամահ անի: Հազար տարի էլ որ քու ազիզ սիրելու դռանն էլ շլինքդ ծռես, կանգնես, սովու մեռնիս, հազար տարի անոթի փորով զկռտաս, մեկն էլ ա քեզ տուն չի կանչիլ, մեկ սառը ջուր խմացնիլ:

«Էն մարդն էլ, որ քու տանը կերել, խմել, ամսով, տարով քու աղ ու հացի վրա է ելել, աչքը աչքիդ առնելիս՝ հենց գիտես, թե գյուլլով խփեցին: Եդևն ա քեզ դեմ անում ու աչքը քամակը գցում: Տո՛, փողդ էլ ջհանդամը գնա, դու էլ, տո՛, ղուռումսաղ, ասենք թե աչքդ ա քոռացել, ինձ չես ուզում որ ճանաչես կամ սուփրիդ ղրաղը նշանց տաս, տո՛, գլխիդ քար ընկնի, ինչ կերել ես, քթովդ դուրս