Էջ:Ghazaros Aghayan, Collected works, Sovetakan grogh (Ղազարոս Աղայան, Երկեր, Սովետական գրող).djvu/127

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գա, խնդրել եմ աստվածածնից՝ զահրմար ըլի, էն դինյումը առաջդ գա, աչքերդ բռնի, տո՛, մեկ բարով-աստծո բարին էլ ա գլխիցդ ղհաթ էլե՞լ, որ դունչդ ցցում ես ու եդ փախչո՞ւմ: Մեկ բարի լիս, բարի օր էլ ա տուր է՜. հո բերնիցդ քրեհ չե՞ն ուզում, ի՞նչ ես քարացել, էդ էլ հո փողով չի՞, ա՛յ փողակեր, հողակեր…

— Էդ ի՞նչ գիրք է,— հարցրեց տեր հայրը, միջահատելով Արությունի կարդալը:

— «Վերք Հայաստանի», — պատասխանեց Օվակիմը, վերք բառին մի ցավակցական ձայն տալով,— դա մի շատ պատվական գիրք է, նոր է տպվել, բայց ափսո՜ս, որ մեր ժողովրդի մեջ չի տարածվում էդպես գիրքը:

— Թե որ էժան է, ես մի հատ կառնեմ, և կարծեմ ամեն մարդ էլ կառնի:

— Բանն էժանության վրա չէ, տեր հայր, մեր ժողովրդի ճաշակը խանգարված է, նա ստացել է մթնասեր ու խավարասեր բնություն, նրան եթե էնպես բան է ասվում, որ իրա խելքիցը բարձր է ու ինքը չի հասկանում ոչ նրա լեզուն, ոչ միտքը, բերանիցը ջուր է գնում, զմայլում, զարմանում է, գովում, բարձրացնում, թե տեսեք, էնպես բան ասեց, որ ոչով չհասկացավ, բայց եթե իրան օգուտ, հասկանալի ու խելքիցը մոտիկ բան ես ասում, ծիծաղում է վերադ, ասում է, էդ ով չգիտե, որ էդպես է, էդպես հեքիաթներ ես հազարը գիտեմ… Բայց, իհարկե, երբ որ էդպես գրքերը կշատանան, մեր նոր սերնդի աչքը կբացվի, կտեսնի, որ հնիցն էլ օգուտ չկա, գրաբարը ետ կքաշվի, իր տեղն աշխարհաբարին կտա, էն ժամանակն էդպես գրքերն էլ կստանան իրանց վայելուչ հարգն ու պատիվը: Դրա գրողը մի ճշմարիտ ազգասեր, մի երևելի տաղանդի տեր մարդ է եղել: Պետք է մի հարյուր տարի անց կենա, որ էդպես մի գրող էլի դուրս գա հայերից: Ով որ մոտիկ ծանոթ է մեր ժողովրդի կյանքին, մի զարգացած խելք ու միտք ունի ու սիրող սիրտ, միայն նա՛ կարող է հասկանալ, որ էդ գրքի խոսքերը հեղինակի սրտի արյունովն է գրված: Էդ հեշտ բան չէ, բայց ռամիկ ժողովուրդը ծիծաղում է է՛ն խոսքերը կարդալիս, որ հեղինակի աչքերից արտասունք են բերել… Էհ, ինչևիցե… Դու, Արություն, հավանո՞ւմ ես էդ գիրքը:

Արությունը ոչինչ չխոսեց, բայց այն անմեղ ժպիտը և ամոթխածությունով լի անկանոն շարժվածքը, որ նա երևացրեց, դա նշան էր խորին համաձայնության…